Ծրագրեր ԵՎ գերակա խնդիրներ

''Քաղաքապետերի դաշնագիր՝ ԱրԵՎելք՛՛ տարածաշրջանային ծրագիր

«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական հանձնաժողովի կողմից մեկնարկած առաջին, և մինչ օրս առավել հավակնոտ նախաձեռնությունն է, որը կոչ է անում տեղական և տարածքային կառավարման իշխանություններին առաջատար դիրքեր գրավել կլիմայի պահպանմանը և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված գործողությունների իրականացման գործում: Անդամակցելով Քաղաքապետերի դաշնագրին համայնքները գործողություններ են իրականացնում, որոնք կոչված են նվազեցնել էներգետիկ աղքատությունը, մեղմել կլիմայի փոփոխությունը և հարմարվել կլիմայի փոփոխության անխուսափելի հետևանքներին, դրանով իսկ երաշխավորելով անվտանգ ապագա իրենց բնակիչների համար:

Դաշնագիրը կամավոր հիմունքներով նախաձեռնություն է, որի հիմքում ընկած է տեղական իշխանությունների ակտիվ դերակատարումը՝ համայնքների տարածքներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների նկատմամբ համայնքների դիմակայության բարձրացման գործընթացներում:

Քաղաքապետերի դաշնագրի տեսլականը եռակի է.
•Արագացնել տարածքների դեկարբոնիզացումը (ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը), դրանով իսկ նպաստելով գլոբալ միջին ջերմաստիճանի 2°C- ից ավել աճի կանխմանը (Փարիզի համաձայնագրի հիմնական նպատակներից մեկը):

•Ամրապնդել կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու համայնքների կարողությունները՝ դրանով իսկ համայնքները դարձնելով ավելի դիմակայուն:

•Բարձրացնել էներգաարդյունավետությունը և ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը համայնքներում ՝ այդպիսով իսկ ապահովելով բոլորի համար անվտանգ, կայուն և մատչելի էներգետիկ ծառայությունների հասանելիությունը:

2008 թվականից ի վեր Դաշնագիրը վերածվեց առաջատար շարժման, որը միավորում է մոտ 10.000 անդամ աշխարհի 60 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Համայնքների հանձնառությունները

Դաշնագրին անդամակցող համայնքները կամավոր հանձնառություն են ստանձնում.

 Նվազեցնել CO2 (և, հնարավորության դեպքում, ջերմոցային այլ գազերի) արտանետումները համայնքի տարածքում առնվազն 30%-ով մինչև 2030թ., մասնավորապես՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հաշվին էներգիայի տեղական արտադրության, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների կիրառման միջոցով:

 Բարձրացնել դիմակայությունը կլիմայի փոփոխության հանդեպ՝ գնահատելով համայնքներին բնորոշ կլիմայական ռիսկերը և առաջարկելով այդ ռիսկերի նվազեցմանն ուղղված հարմար¬վողա¬կանության միջոցառումներ:

Հնարավոր օգուտները համայնքների համար

Միանալով Քաղաքապետերի դաշնագրին համայնքները կարող են ստանալ հետևյալ օգուտները.

 Քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում էներգասպառման մասին փաստացի պատկերի ձևավորում և էներգախնայողության ներուժի գնահատում:
 Ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն:
 Էներգասպառման նվազեցում և համայնքային բյուջեի միջոցների խնայողություն:
 ՏԻՄ-երի համապատասխան անձնակազմի տեխնիկական ներուժի և գիտելիքների զարգացում, համայնքի            բնակչության իրազեկում:
 Կլիմայի փոփոխության մեղմմանը, հարմարվողականությանը և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ԵՀ և այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում մասնակցության հնարավորություն:
Գործողությունների հերթականությունը
 Միացում դաշնագրին՝ համայնքի Ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունում և համայնքի ղեկավարի կողմից Դաշնագրին միանալու նամակի ստորագրում:
 Դաշնագրին արդյունավետ մասնակցելու նպատակով համապատասխան վարչական կարողությունների ստեղծում (օրինակ՝ համայնքային էներգետիկ կառավարիչ կամ Դաշնագրի հարցերով պատասխանատուի նշանակում):
 Համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրում, մասնավորապես. (i) համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա համար համայնքային տնտեսության տարբեր բնագավառներում էներգետիկ ռեսուրսների սպառման ծավալների մասին տվյալներ, (ii) համայնքին բնորոշ կլիմայական ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:
 Հավաքագրված տվյալների վերլուծություն և համայնքի ԿԷԶԿՊԳԾ մշակում՝ Դաշնագրին միանալու պահից 2 տարվա ընթացքում:
 ԿԷԶԿՊԳԾ հաստատում Ավագանու որոշմամբ և փաստաթղթի ներբեռնում «Քաղաքապետերի դաշնագրի» կայքում գտնվող համայնքի կայքէջում:
 Գործողության դրույթների մասին համայնքի բնակիչների և շահառուների իրազեկության բարձրացում և մասնակցություն ԵՄ կայուն էներգիայի շաբաթներին:
 Գործողությունների ծրագրի իրականացում և մոնիտորինգ՝ փաստաթղթի հաստատումից հետո յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ:

Քաղաքապետերի դաշնագիրը Հայաստանում

Նախաձեռնությունը սկզբում նախատեսված էր Եվրամիության անդամ երկրների քաղաքների համար, սակայն 2011թ. սեպտեմբերից նախաձեռնությանը միացան նաև Արևելյան գործընկերության 6 երկրները, այդ թվում նաև Հայաստանը: Արևելյան գործընկերության երկրներում Քաղաքապետերի Դաշնագրի զարգացումը և պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով ԵՀ կողմից 2011 թվականից իրականացվում է «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը:
2016թ. ապրիլի 28-ին ԵՀ Էներգետիկայի գլխավոր տնօրինության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև կնքվել է Գործընկերության համաձայնագիր, համաձայն որի Նախարարությունն ստանձնում է ԵՀ-ի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության Ազգային համակարգողի դերը Հայաստանում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման (ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարությունը, որպես Հայաստանում Դաշնագրի ազգային համակարգող, համագործակցում է նախաձեռնությանը անդամակցող համայնքների հետ և աջակցում իրենց կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման գործում, ինչը ի վերջո կնպաստի համայնքների զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը:

Նախարարության համակարգման ներքո, Դաշնագրին անդամակցող համայնքների հետ համագործում են նաև աջակից կազմակերպությունները, որոնց նպատակն է ապահովել համայնքների արդյունավետ մասնակցությունը Դաշնագրին՝ փորձագիտական, տեղեկատվական, իսկ որոշ դեպքերում նաև ֆինանսական օգնության միջոցով:

Հայաստանում Դաշնագրի աջակից կազմակերպությունները հետևյալներն են.

 Հայաստանի համայնքների միություն

 Էներգախնայողության աջակցման հիմնադրամ

 Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամ:

2020 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում Դաշնագրին միացել է 26 համայնք, այդ թվում նաև խոշորագույն քաղաքներ Երևանը, Գյումրին և Վանաձորը:

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ 11 համայնք արդեն պատրաստել և հաստատել են իրենք Գործողությունների ծրագրերը, 8 համայնք իրականացնում է գործողությունների ծրագրերի մշակման գործընթացը, իսկ 5 համայնք իրագործում է ծրագրեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում՝ ԵՄ-ի կողմից տրամադրված դրամաշնորհային աջակցության միջոցով:

Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին միացել են հետևյալ համայնքները.

1. Ծաղկաձոր` միացել է 09.06.2009թ.
2. Հրազդան` միացել է 21.05.2013թ.
3. Ապարան` միացել է 02.09.2013թ.
4. Սպիտակ` միացել է 22.05.2014թ.
5. Վայք` միացել է 27.05.2014թ.
6. Գյումրի` միացել է 13.06.2014թ.
7. Արթիկ՝ միացել է 20.06.2014թ.
8. Երևան՝ միացել է 09.09.2014թ.
9. Վանաձոր՝ միացել է 07.07.2016թ.
10. Էջմիածին՝ միացել է 04.05.2016թ.
11. Տաշիր՝ միացել է 15.11.2016թ.
12. Ալավերդի՝ միացել է 26.10.2016թ.
13. Փարաքար՝ միացել է 26.10.2016թ.
14. Կապան՝ միացել է 26.10.2016թ.
15. Գորիս՝ միացել է 26.10.2016թ.
16. Ախթալա՝ միացել է 14.03.2017թ.
17. Մասիս՝ միացել է 16.06.2017թ.
18. Գավառ՝ միացել է 19.06.2017թ.
19. Իջևան՝ միացել է 28.06.2017թ.
20. Քասախ՝ միացել է 20.12.2017թ.
21. Սիսիան՝ միացել է 13.03.2018թ.
22. Աբովյան՝ միացել է 19.10.2018թ.
23. Մարտունի՝ միացել է 12.11.2018թ.
24. Աշտարակ՝ միացել է 24.01.2019թ.
25. Ջերմուկ՝ միացել է 17.01.2020թ.
26. Վարդենիս՝ միացել է 20.01.2020թ.

Քաղաքապետերի դաշնագիրը ակումբը Հայաստանում

2019թ. մարտի 14-ին կայացավ Հայաստանում Քաղաքապետերի Դաշնագրի ակումբի առաջին հանդիպումը: Ակումբի հիմնական առաքելությունն է՝ ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և համապատասխան ազգային ու միջազգային շահառուների միջև՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր համայնքներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ռազմավարությունների) մշակման և իրականացման համար՝ համայնքային ծրագրերի ֆինանսավորման և ներդրումների համար առկա խոչընդոտների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման միջոցով: Միևնույն ժամանակ, Ակումբը կոչված է նպաստելու բոլոր ներգրավված շահառուների միջև տեղեկատվության փոխանակմանը և համապատասխան նախաձեռնությունների, համայնքային ծրագրերի և գործողությունների միջև փոխգործակցության ապահովմանը:
Ակումբին անդամակցում են Դաշնագրին անդամակցող բոլոր համայնքները, ինչպես նաև Ազգային համակարգողի և Աջակից կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կոնտակտային տվյալներ
Դաշնագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ Դաշնագրին միանալու հետ կապված հարցերով խնդրում ենք դիմել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հայաստանյան գրասենյակ:

Հեռախոս՝ 010 574501
Էլ. փոստ՝ artem.kharazyan@eumayors.eu

Կայք՝ http://com-east.eu/ru/

 

 

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին