Նորություններ

Լրատվություն

Եվրոպայի հետ միասին ընդդեմ աղետների

09.04.2014

Այսօր տեղի ունեցավ «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում» (PPRD East) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, առողջապահության, բնապահպանության, տարածքային կառավարման, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ազգային անվտանգության խորհրդի, ԳԱԱ, Հայկական Կարմիր խաչի, ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հիմնական նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա անելիքները:

ԵՄ Արևելյան հարևանության աջակցություն նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում» (PPRD East) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականին: Այն իրականացվում է Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ադրբեջանում:

Ծրագրի հիմնական նպատակն է երկրների տեխնածին և տարերային աղետների պատրաստվածության բարձրացման միջոցով շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, տարածաշրջանի ռեսուրսների և ենթակառուցվածքների պաշտպանությունը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ողջունելով մասնակիցներին` նա մասնավորապես ասաց.
- Ծրագրից ակնկալվող արդյունքներն են գործընկեր պետությունների քաղպաշտպանության համակարգերի հնարավորությունների զարգացումը` տարերային, տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ, գործընկեր պետությունների բնակչության պաշտպանության մեխանիզմների համապատասխանեցումը ԵՄ մոդելին, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդումը: Բոլորիս մաղթում եմ կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ինա Յանկուլովան ընդգծեց, որ սա տարածաշրջանում իրականացվող առաջին նմանատիպ ծրագիրն է.
- Մենք ուզում ենք նվազեցնել երկրների խոցելիությունն աղետներից` մշակելով տարբեր մեխանիզմներ: Սակայն աղետների ռիսկի նվազեցումը կարող է արդյունավետ լինել գլխավորապես լավ սերտված դասերի շնորհիվ:

Ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին նշեց, որ Հայաստանում իրենց հիմնական գործընկերն ԱԻ նախարարությունն է, սակայն ընդգրկված են նաև այլ շահագրգիռ պետական մարմիններ.
- Ակտիվ աշխատանքներ են տարվում ծրագրի բոլոր ուղղություններով` տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի պատրաստում, քաղպաշտպանության և աղետների կառավարման կարողությունների կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանություն, հանրային իրազեկում և այլն:

Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին վերջին 3 տարվա ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքները` ռիսկերի գնահատման մեթոդոլոգիայի և էլեկտրոնային քարտեզի մշակում, տվյալների բազայի ստեղծում, գիտելիքի ու փորձի փոխանակում, լրագրողական ցանցի ստեղծում, հաղորդակցության ռազմավարության մշակում և իրազեկման արշավների կազմակերպում և այլն:


Ծրագիրը շարունակական է, շուտով ռիսկերի էլեկտրոնային քարտեզը հասանելի կլինի մասնագետներին, առաջիկայում կանցկացվեն մասնագետների վերապատրաստման դասընթացներ և աղետների միջազգային արձագանքման թեմայով վարժանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին