Նորություններ

Լրատվություն

Հոկտեմբերին գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի

13.06.2014

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014թ. աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 - Ն որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: 2013 թ. աշնանը փորձնական հաշվառում է անցկացվել Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում, որոնց արդյունքների եւ ընթացքում արձանագրված խնդիրների մասին նիստում հաշվետվություն (փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում) ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը: Ըստ նրա՝ խնդիրները հիմնականում վերաբերում են հողի սեփականության իրավունքի վկայականներում ամրագրված հողերի չափերի եւ այդ վկայականների կազմմանը նախորդող՝ հողերի կադաստրային չափագրման արդյունքների տարբերությանը, փաստացի հողերի չափերի անհամապատասխանությանը հողային հաշվեկշռի համապատասխան տվյալների հետ, հաշվառման անցկացման մասին բնակչության իրազեկվածության պակասին եւ այլն:

Նա տեղեկացրեց, որ փորձնական ԳՀՀ ընթացքում առաջացած մեթոդաբանական եւ կազմակերպական խնդիրների վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են անցկացվում ԱՎԾ-ում՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, փորձագետների մասնակցությամբ եւ դրանց լուծումները հիմնականում գտնվել են: ԱՎԾ նախագահը ավելացրեց նաեւ, որ գյուղերում բնակչությունը բարյացակամ է տրամադրված եղել գործընթացի նկատմամբ, եւ այդ առումով խնդիրներ չեն առաջացել: Հանձնաժողովը հաշվետվությունն ընդունեց ի գիտություն:

Նիստում ներկայացվեց նաեւ ԳՀՀ հարցաշարի նախագիծը, որը, ըստ ԱՎԾ նախագահի, մշակվել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ուղեցույցերի համաձայն՝ միջազգային փորձագետների աջակցությամբ: Հանձնաժողովը հավանության արժանացրեց փաստաթուղթը, որը սահմանված կարգով կներկայացվի կառավարության հաստատմանը:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր գյուղական համայնքների ղեկավարների կողմից "ՀՀ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում գյուղական համայնքներում գյուղատնտեսական համատարած հաշվառման 2-ԳՀՀ" հարցաթերթի լրացման կազմակերպչական աշխատանքներին:

Փոխվարչապետն առաջարկեց ԱՎԾ մարզային կառույցների կողմից համապատասխան փաստաթղթերը տրամադրել մարզպետարաններին, որոնք էլ կաջակցեն գործընթացի կազմակերպմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչեւ հուլիսի 5-ը լրացված հարցաթերթիկները կփոխանցվեն ԱՎԾ-ին:

Քննարկվեց նաեւ ԳՀՀ-ի իրականացման աշխատանքներում համապատասխան աշխատակիցների ընդգրկման հարցը: Նշվեց, որ ընդհանուր առմամբ կպահանջվի ներգրավվել շուրջ 6000 աշխատող, որից 560-ն՝ արդեն օգոստոսին: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց ԱՎԾ մարզային կառույցների հետ համագործակցել՝ ներկայացված պահանջներին համապատասխան աշխատուժ առաջարկելու հարցում:

Քննարկվեց նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ԱՎԾ-ին համապատասխան տվյալներ փոխանցելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անհրաժեշտ տեղեկատվությունը ըստ մարզերի ԱՎԾ-ին կփոխանցվի մինչեւ ս.թ. օգոստոսի 1-ը:

Անդրադառնալով գործընթացի պատշաճ կազմակերպման խնդիրներին՝ փոխվարչապետն առանձնահատուկ ընդգծեց բնակչության շրջանում համապատասխան իրազեկման աշխատանքների իրականացումը՝ կարեւորելով գործընթացի վերաբերյալ հանրային վստահության ձեւավորումը: Նա նաեւ առաջարկեց Գյուղատնտեսության նախարարության եւ ԱՎԾ ներկայացուցիչներին մասնակցել մարզային խորհուրդների նիստերին եւ ԳՀՀ-ի նպատակների ու կազմակերպման վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել համայնքների ղեկավարներին: Կարեւորվեց նաեւ իրազեկման լայնածավալ արշավների կազմակերպումը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ԳՀՀ-ի նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է: Այդ տեղեկությունների գաղտնիությունը պաշտպանված է լինելու, եւ դրանք չեն կարող փոխանցվել այլ մարմինների կամ անձանց:

Ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների համակարգ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:

ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն` անդամ երկրները պարտավոր են առնվազն տասը տարին մեկ անգամ ԳՀՀ անցկացնել:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին