Նորություններ

Լրատվություն

Հայաստանը` լավագույն փորձի լավագույն օրինակ

03.12.2014

Հանրային իրազեկմանը նվիրված միջազգային համաժողով Երևանում

Դեկտեմբերի 3-4-ը Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին ընդառաջ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության հետ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում, Երևանի Մատենադարանի հանդիսությունների սրահում կազմակերպել էր «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով 2-րդ միջազգային համաժողովը։

Այն նպատակ ունի մեկտեղելու աշխարհի լավագույն փորձը` հանրային իրազեկման, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության լրատվության և լրագրողների հետ աշխատանքի ոլորտներում, ինչպես նաև կազմակերպելու քննարկում հետագա զարգացումների վերաբերյալ` ձևավորելով 2015 թ. մարտին Սենդայում կայանալիք ԱՌՆ 3-րդ համաշխարհային կոնֆերանսին ներկայացվելիք ԱԻ հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթը։

Համաժողովին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, միջազգային (ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, ՆԱՏՕ, Կարմիր խաչ, ԵԱՀԿ, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալություն, Օքսֆամ, «Սեյվ դը չիլդրն» և այլն) ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած փորձագետներ ու լրագրողներ: Ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ով մասնավորապես ասաց.

- Մի քանի օրից Սպիտակի աղետալի երկրաշարժի քսանվեցերորդ տարելիցն է: Երկրաշարժ, որն ամբողջությամբ ավերեց մեր երկրի հյուսիսը, խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարների դարձրեց խեղանդամ: Սպիտակի երկրաշարժը, որն ամենաուսումնասիրված աղետներից է, առիթ դարձավ, որ աղետների դեմ պայքարում աշխարհը միավորվի, նոր կառույցներ ստեղծվեն և մշակվի նոր քաղաքականություն: Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը (ԻՆՍԱՐԱԳ), որին, 2015 թ. որակավորում անցնելուց հետո, կմիանա նաև Հայաստանը: 2010 թ. առաջինը մենք տարածաշրջանում հայտարարեցինք ԱՌՆ ազգային պլատֆորմ ստեղծելու մասին, որը միավորում է ոլորտի գրեթե բոլոր տեղական, միջազգային ու հասարակական կառույցների ջանքերը` ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը: Աղետները գնալով շատանում են, և նույնիսկ զարգացած ու հարուստ երկրները մեծ կորուստներ են կրում դրանցից: Մենք բոլոր ուղղություններով համագործակցում ենք աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ` զարգանալով ու քայլելով առաջ: 
Մաղթում եմ, որ այս համաժողովն արգասաբեր լինի, ու բոլորս միասին հասնենք ավելի մեծ արդյունքների:


Համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական հանձնակատար Բրեդլի Բուզետոն` ելույթի սկզբում շնորհավորելով Ա. Երիցյանին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ.

- Այս համաժողովի հիմնական խնդիրն է համակարգել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքները: Բնական աղետներից զոհերի 95 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին, և այսօր աղետների ռիսկի նվազեցումն արդեն ազգային անվտանգության հարց է: Ես կարծում եմ, որ Հայաստանն այդ ոլորտի առաջատարներից է տարածաշրջանում, իսկ աշխարհում`լավագույն փորձի լավագույն օրինակ: ՄԱԿ-ը մշտապես շատ լավ համագործակցել է նախարարության հետ և այդ փոխգործակցությունը շարունակական է լինելու:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է համաժողովին մասնակցելու համար, քանի որ ԵՄ հիմնական նպատակը զարգացող երկրներին աջակցելն է.

- Մենք նախարարության հետ համատեղ մի քանի ծրագիր ենք հաջողությամբ իրականացրել ուղղված` ռիսկերի էլեկտրոնային քարտեզների մշակմանը, տարածաշրջանում համագործակցության խթանմանն ու հանրային իրազեկության բարձրացմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը իր ելույթում նույնպես նշեց նախարարության հետ իրականացված ծրագրերի արդյունավետությունը.

- Շնորհավորում եմ նախարարությանը համագործակցության զարգացման և գրանցված հաջողությունների համար:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ողջույնի խոսքում ընդգծեց, որ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում հանրության իրազեկման խնդիրն է.

- Նախքան աղետը, մենք տեղեկատվության կարիք ունենք, որպեսզի իմանանք, թե ինչ ռիսկեր կան և ինչ պետք է անել դրանք կանխելու համար, աղետի ժամանակ պիտի իմանանք, թե որտեղ է այն պատահել, ում և ինչպես կարող ենք օգնել: Իրազեկվածությունը կյանքեր է փրկում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալսթրոմը հատուկ այս համաժողովի համար տեսաուղերձ էր պատրաստել, որում ընդգծված էր ԱՌՆ ոլորտում հանրային իրազեկման կարևոր դերը, և կոչ էր արվում այն մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո «Սպիտակի երկրաշարժի կարևորագույն դասը` հանրային իրազեկում» զեկույցով հանդես եկավ ՀԳԾ համակարգող, ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը` ներկայացնելով աղետից քաղած դասերը, իրականացված փոփոխությունները և հանրային իրազեկման ոլորտում ներկայումս տարվող աշխատանքները.

- Խորհրդային երկրի պրոպագանդան զերծ էր պահում իր բնակիչներին վատ ու տխուր լուրերից: Բնական աղետներն ու խոշոր վթարները տեղի էին ունենում միայն կապիտալիստական երկրներում: Մեզ մոտ ինքնաթիռներ չէին ընկնում, ծանր հետևանքով պատահարներ տեղի չէին ունենում: Մարդկանց էլ ոչ մի բան չէին իրազեկում, որ տրամադրությունները չընկներ: Ամեն ինչ արձանագրվում էր միայն ծառայողական զեկույցներում, ու խիստ գաղտնի գրիֆի տակ անհետանում հատուկ արխիվներում: Իսկ այսօր մենք ունենք հզոր նախարարություն, որն իր հարկի տակ է հավաքել ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունները և բոլոր ուղղություններով քայլում է առաջ` օգնություն ներմուծող երկրից Հայաստանը դարձնելով օգնություն արտահանող:

Հաջորդ զեկուցողը նախարարությունում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանցից «911» ծառայության աշխատակցուհի Նելլի Չարչյանն էր.

- Դեռ փոքրուց գիտեմ ինչ է երկրաշարժը: 26 տարի առաջ Սպիտակի երկրաշարժի հետևանքով հայտնվեցի հաշմանդամի սայլակին: Իմ դասընկերներից 9 երեխա մահացավ միայ այն պատճառով, որ չգիտեին, թե ինչ պետք է անել երկրաշարժի դեպքում: Հիշում եմ միայն, որ մեր դասարանը փուլ եկավ, իսկ ինձ փլատակներից հայրս է հանել: Ինձ մի կողմ դրեց` գետնին, սկսեց մյուսներին օգնել… Դեռ 15-ը չբոլորած երեխա` չէի հասկանում, թե ինչու սարեր-ձորեր բարձրացած ոտքերս այլևս չէին շարժվում… Բժիշկները ոչինչ չկարողացան անել, արտասահմանում` նույնպես: Ես, որ միշտ աշխույժ եմ եղել, կարծում էի, որ կյանքը վերջացած է, բայց իմ փրկարար ընկերները փրկեցին ինձ: Սկզբում, իհարկե, դժվար է, բայց աշխատանքը ԱԻ նախարարությունում` ինձ կյանք վերադարձրեց ու օգնեց, որ իրակություն դառնա իմ ամենամեծ երազանքը` դառնալ մայրիկ: Ես շնորհակալ եմ իմ փրկարար ընկերներին և շատ հպարտ, որ դարձել եմ ԱԻՆ մեծ ընտանիքի անդամ:
Ելույթներից հետո ցուցադրվեց «Ապրել երկրաշարժերի հետ» վավերագրական տեսաֆիլմը, որը պատրաստվել էր Սպիտակի երկրաշարժը վերապրած մարդկանց պատմությունների հիման վրա:
Համաժողովի առաջին աշխատանքային օրը զեկույցներով հանդես եկան նաև ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր խաչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ, ներկայացվեց նաև Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Չինաստանի ու Վրաստանի փորձը` հանրային իրազեկման ու ճգնաժամային հաղորդակցության բնագավառներում:




 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին