Նորություններ

Լրատվություն

Համաժողովում մշակվեց առաջարկությունների փաթեթ

04.12.2014

Դեկտեմբերի 4-ին Երևանի Մատենադարանի հանդիսությունների սրահում աշխատանքն էր շարունակում «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման անկյունաքար» խորագրով 2-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը` «Արտակարգ ալիք» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Համաժողովի աշխատանքային 2-րդ օրը նվիրված էր ռիսկի տեղեկատվությանը, հանրային իրազեկման ցուցանիշների ներդրմանը, Հյոգոյի գործողությունների 2005-2015 թթ. ծրագրին և դրա շարունակությանը, ինչպես նաև 2015 թ. Ճապոնիայի Սենդայ քաղաքում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի 3-րդ համաշխարհային համաժողովի խնդիրներին;

Զեկույցներով հանդես եկան ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) տնօրենի ժ/պ Նեյլ ՄաքՖարլայնը, նույն ռազմավարության հաղորդակցության պատասխանատու Էնդրյու Մաքելռոյը և ՄԱԶԾ առաջատար ազգային փորձագետ Արա Նազինյանը:

Զեկույցներից բացի օրակարգով նախատեսված էր համաժողովի մասնակիցների շրջայց` Մատենադարանի ցուցասրահներում, որտեղ հյուրերը ծանոթացան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի մշակութային հարուստ ժառանգությանը:

Համաժողովի վերջին օրն ակտիվ քննարկումների արդյունքում մասնակիցները մշակեցին հանրային իրազեկման խնդիրների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ` աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի 3-րդ համաշխարհային համաժողովին ներկայացնելու և ՀԳԾ-2-ի մեջ ընդգրկելու համար:

Համաժողովի մասնակիցները միաբերան հավաստեցին, որ Հայաստանն աղետների ռիսկի նվազեցման ու հանրային իրազեկման ոլորտում կատարված աշխատանքով առաջատար է շատ երկրների շարքում, իսկ այս հանդիպումը լավ հնարավորություն էր կատարել փորձի փոխանակում և նախապատրաստվել ՄԱԿ-ի համաժողովին:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին