Նորություններ

Լրատվություն

Նոր համագործակցություն՝ ուղղված միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացմանը

18.01.2016

Հունվարի 18-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության պետական հսկողության հարցում ՏԿԱԻՆ և միջուկային անվտանգության պետական կոմիտեի միջև համագործակցության զարգացումը:

Նախատեսվում է, որ մոտ ապագայում ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի 6 աշխատակիցներ իրենց աշխատանքային տեղերը կունենան նաև ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում (ՃԿԱԿ): Նախարարության առանձին ստորաբաժանումների հետ ձևավորվող աշխատանքային այս գործակցությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել հնարավոր միջուկային և ճառագայթային վտանգների դեմ, ինչպես նաև ավելի արդյունավետորեն իրականացնել բնակչության ու անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և ՀՀ անվտանգության պաշտպանության միջոցառումները:

ՀՀ կառավարության երկու մարմինների փոխգործակցության կարևոր բաղկացուցիչներից կլինեն պարբերաբար կազմակերպվող ուսումնավարժանքները՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ոլորտում կարող է ներգրավվել նաև քաղավիացիան, որի դերը կլինի առաջնային (նախնական) մշտադիտարկման իրականացումը: Աշխատանք է տարվելու նաև միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Երիցյանը Աշոտ Մարտիրոսյանին ծանոթացրեց ՃԿԱԿ-ի գործառույթներին, կառուցվածքին, տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային սերվերային կենտրոնին:

ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որի խնդիրն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումն է (միջուկային տեղակայանքների անվտանգությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգ օգտագործումը, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը և միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումը)՝ բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին