Նորություններ

Լրատվություն

Քննարկվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի աշխատանքները

26.01.2016

Հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունել է Աղետների ռիսկի կառավարման մասնագետ, ծրագրի թիմի ներկայացուցիչ Կո Տակեուչիին: Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի (ՀԲ) Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները:

Այս տարվա հունվարի 19-ին մեկնարկած ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնելու աղետներին դիմակայելու կարողությունները:

Ծրագրի թիմի ներկայացուցիչ Կո Տակեուչին ողջունեց աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՀՀ ՏԿԱԻ նախարարության կատարած աշխատանքները և ներկայացրեց քննարկվելիք մի քանի հարցեր.

-Այս ծրագրի գլխավոր նպատակն է աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատումը: Դրա համար ծրագիրը նախատեսում է մշակել սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, որը հնարավորություն կտա հասկանալու՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ շինարարական նորմերում:

ՀԲ փորձագետը նշեց աղետների ռիսկի տեղեկատվության բարելավման, աղետներին պատրաստվածության բարձրացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին: Պարոն Տակեուչին փոխանցեց, որ ծրագիրը կաջակցի, որպեսզի Հայաստանի ԱՌՆ ռազմավարությունը համապատասխանեցվի Սենդայի գործողությունների ծրագրին և կայուն զարգացման ՄԱԿ-ի նպատակներին:

Փոխնախարար Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և պատրաստակամություն հայտնեց հնարավոր բոլոր հարցերում աջակցել.

-Յուրաքանչյուր աղետ երկրի զարգացումը տասնյակ տարիներ ետ է գցում: Ոչ ոք ապահովագրված չէ հանկարծահաս վտանգից: Բայց մենք կարող ենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ աղետի հնարավոր հետևանքները մեղմելու համար: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը պատրաստ է բաց համագործակցության: Վստահ եմ, որ այս ծրագիրն անպայման կիրագործվի:

Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի և ՀԲ «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի» և տեխնիկական աջակցության Տոկիոյի Աղետների կառավարման կենտրոնի շնորհիվ: Այն նախատեսում է փոխգործակցություն ՀՀ համապատասխան նախարարությունների, Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին