Նորություններ

Լրատվություն

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

08.02.2016

Ձնաբքին քաղաքացիներին օգնության հասած փրկարարները կխրախուսվեն

Փետրվարի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 238 դեպքի: ՓԾ տնօրենը հայտնեց, որ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը շարունակում են աշխատել 24-ժամյա ռեժիմով և այս ընթացքում օգնություն են ցուցաբերել ձյան մեջ արգելափակված 599 մեքենայի և 1368 քաղաքացու:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ այսօր արդեն տեղումները կդադարեն, առաջիկա օրերին կդիտվի փոփոխական եղանակ, իսկ փետրվարի 13-ից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց Տավուշի մարզ կատարած այցի մասին, որի ընթացքում ծանոթացել են սահմանամերձ համայնքների առաջնային խնդիրներին: Հիմնադրամի տնօրենը նշեց, որ իրենք պատրաստ են շարունակական աջակցություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց հիմնադրամի համար պատրաստել առաջարկ` Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին:

  

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները կանչի են մեկնել Վարդենյաց լեռնանցք, որտեղ շուրջ 10 ժամ անընդմեջ աշխատելով օգնել են ազատել ձյան մեջ արգելափակված 9 ավտոմեքենա: Փրկարարները նաև ճանապարհների անանցանելիության պատճառով ճանապարհն (մոտ 5 կմ) անցել են ոտքով և օգնություն ցուցաբերել 10 քաղաքացու:

Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց խրախուսման ներկայացնել ձնաբքի մեջ արգելափակված մարդկանց օգնության հասած փրկարարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին