Նորություններ

Լրատվություն

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ

13.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։
Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների մասնակցության ու գործուն աջակցության անհրաժեշտությունը։
Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ոլորտի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում նպաստել կրթական գործընթացի մշակույթի բարելավման, բնագավառի վրա քաղաքական և վարչական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող ջանքերին։

Արայիկ Հարությունյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել մայիսի 26-ին հանրապետությունում անցկացվող կենտրոնացված առարկայական քննությունների վրա և առաջարկել նրանց միջոցներ ձեռնարկել՝ հեռավորությամբ պայմանավորված քննական կենտրոններ տեղափոխվելու դժվարություններ ունեցող աշակերտների համար անվտանգ և ապահով փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարար Պապիկյանը արդյունավետ է գնահատել պարբերական բնույթ կրող նախարարներ-մարզպետներ խորհրդակցությունների նման ձևաչափը և ընդգծել, որ այն հնարավորություն է ընձեռնում ոլորտային հարցերի շուրջ ձևավորել միասնական օրակարգ և գտնել արդյունավետ լուծումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին