Նորություններ

Լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարզաբանում է

01.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, արձագանքելով վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից համայնքների տարածքներում երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ իրականացնելն արգելելու մասին ավագանու՝ օրենքի խախտումով ընդունված որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ ՏԿԶ նախարարության առաջարկության շուրջ ծավալված քննարկումներին և հնչեցված մեկնաբանություններին, պարզաբանում է․

ՀՀ Սահմանադրության 10-րդ և «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի» 4-րդ և 11-րդ հոդվածների համալիր մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն՝ ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ:

Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին։
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ավագանու, լիազորությունները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով։

Հավելենք նաև, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը իրավասու է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին: Իսկ ՀՀ կառավարության 2006թ․ ապրիլի 20-ի N 534–Ն որոշման համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական հսկողության բարձրագույն մարմին սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինն իրավասու է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:

Եթե նախատեսված դիմումը ստանալուց հետո տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին