Նորություններ

Լրատվություն

Փոխնախարար Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը

07.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 (Լանջիկ-Գյումրի ճանապարհահատված) իրականացման ընթացքը՝ աշխատանքների առաջընթացը և ռիսկերը, ինչպես նաև Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի բարեհաջող ընթացքը։

Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի իրականացման հեռանկարներին, ծրագրի իրականացմանը Եվրոպական ներդրումային բանկի մասնակցության և ֆինանսավորման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, երթևեկության անվտանգության խթանման նպատակով նախատեսվող քարոզարշավի, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ կնքվող Ճանապարհային անվտանգության համաձայնագրի և դրա ներքո Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։ ԵՆԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. սեպտեմբերին Երևանում կազմակերպել աշխատաժողով՝ ճանապարհային անվտանգության բարելավման, այդ ուղղությամբ կարողությունների և գիտելիքների ընդլայնման ուղղությամբ։

Բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են ճանապարհաշինության ոլորտում Հայաստանի հետ շարունակական համագործակցության կարևորությունը և հեռանկարային ծրագրերի նկատմամբ բանկի բարձր հետաքրքրվածությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին