Նորություններ

Լրատվություն

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը

04.07.2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ տրանսպորտային մասնագետ Միցույոշի Ասադայի գլխավորությամբ, այցելել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված և վերականգնման ընթացքի մեջ գտնվող ճանապարհահատվածներ։

ՀԲ պատվիրակությունը նախ եղավ Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, որը շահագործման է հանձնվել 2018թ. դեկտեմբերին։ Միցույոշի Ասադան դիտարկեց կատարված աշխատանքները։ Նշենք, որ կենսական նշանակության վերականգնված այս ճանապարհի հարևանությամբ՝ 11 հա տարածքում, կառուցվում է գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկա, որն ունենալու է պահեստներ, սառնարաններ, հյուրատուն, սուպերմարկետներ, տաղավարներ, փակ շուկա, վարչական շենք, այլ ենթակառուցվածքներ։ Այդ հատվածը գտնվում է Երևանը, Վայոց ձորը, Սյունիքը, Արցախն Արարատյան դաշտավայրին կապող ամենակարճ ճանապարհի վրա, որտեղ գյուղացիները կարող են վաճառել իրենց արտադրանքը։ Տարածքը նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը, որպեսզի արդեն այս տարի գյուղացիները կարողանան իրացնել բերքը։

Նկատենք, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկայի կառուցումն այս տարածքում վկայում է, որ ծրագիրը ծառայում է իր նպատակին։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները և Համաշխարհային բանկի պատվիրակությունը եղան նաև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնվող Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ և Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածներում։ Շինաշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա մայիսին։ Այժմ իրականացվում են հողային պաստառի վերականգնման, մայթերի կառուցման նպատակով եզրաքարերի տեղադրման, բետոնե եզրաշարերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման նպատակով ջրթող խողովակների տեղադրման և այլ աշխատանքներ։ Շուտով կսկսվեն ճանապարհային հագուստի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին