Նորություններ

Լրատվություն

Մինսկում կայացել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հանդիպումը

09.07.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը տվյալներ են փոխանակել արտաքին առևտրի հաշվեկշռում ապրանքների և ծառայությունների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ։

«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի և Բելառուսի միջև տրանսպորտային հաղորդակցության ձևավորումը, ինչը կխթանի առևտրային շրջանառությունը երկու երկրների միջև: Ցավոք, մենք չունենք ուղիղ հաղորդակցություն, բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում հնարավորություն կա այն ստեղծելու »,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։
Իր հերթին Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոն ընդգծել է․ «Անկասկած, մենք նույնպես դրանում շահագրգռված ենք, բացի այդ անհարժեշտ է հիմնել դեպի մեր երկրներ և մեր երկրներից դուրս ապրանքների առաքումն ու տարանցիկ փոխադրումներն ապահովող ենթակառուցվածքներ։ Առաջարկում եմ դիտարկել Հայաստանից դեպի Բելառուս և նրա տարածքով տարանցիկ արտանահվող բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրելու հնարավորությունը»։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանում ընթանում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը Հայաստանի տարածքով Վրաստանի և Իրանի միջև կհաստատի միջազգային չափորոշիչներին համապատասխան ցամաքային տրանսպորտային ուղի։ «Իրանի սահմանի մոտ` Մեղրու ազատ տնտեսական գոտին դեպի Հայաստան, Իրան և Միջին Արևելք բելառուսական ապրանքների մատակարարման աշխարհագրությունն ընդարձակելու լավ հնարավորություն է ստեղծում»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը
Ա․ Ավրամենկոն իր հերթին առաջարկել է ծանոթանալ «Бремино - Орша», ինչպես նաև «Великий камень» հատուկ տնտեսական գոտիներում աշխատանքային պայմաններին և հետաքրքրվածության դեպքում դիտարկել ռեզիդենտի կամ ներդրողի կարգավիճակով դրանց մասնակցությունը։

Նախարարներն անդրադարձել են նաև օդային տրանսպորտին, որն այժմ ապահովվում է Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ շաբաթական երկու անգամյա կանոնավոր չվերթերով, իսկ ամառային շրջանում (2019թ․ հունիս-սեպտեմբեր) ավելացվել է լրացուցիչ 3-րդ հաճախականությունը։ Այդուհանդերձ, բելառուսական կողմը առաջարկել է քննարկել բելառուսական ավիափոխադրումների, մասնավորապես` զբոսաշրջային փոխադրումների սուբսիդավորման հնարավորությունը՝ այս ուղղության գնային գրավչության ձևավորման նպատակով։
Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի վերաբերյալ քննարկումներում առանցքային է համարվել երկու երկրների միջև փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների սահմանաչափը։ Այսպես, բելառուսական կողմը հայկական կողմին առաջարկել է Համատեղ հանձնաժողովի հերթական նիստին քննարկել լրացուցիչ թույլտվությունների տրամադրման հարցը։

Հայկական կողմը նաև իր հետաքրքրվածությունն է արտահայտել ճանապարհային բնագավառում Բելառուսի փորձի վերաբերյալ։ Բելառուսական ճանապարհների կառուցապատման մեջ առկա և օգտագործվող տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով առաջարկվել է կազմակերպել հայկական պատվիրակության այց։

Ավարտին նախարարները պայմանավորվել են պետությունների միջև համակարգված տրանսպորտային քաղաքականության կազմակերպման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, որտեղ կքննարկվեն նախանշված բոլոր հարցերը։
 



 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին