Նորություններ

Լրատվություն

Տեղերում ենթակառուցվածքների զարգացումը յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվությունը և հրամայականը պետք է դառնա․ նախարար Սուրեն Պապիկյան

26.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ, համայքների ղեկավարներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկերներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը գործառնական առումով խիստ կարևորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը միտված ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, որի նպատակն է համապատասխան տեղական կարողությունների զարգացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման միջոցով ապակենտրոնացնել և տարածքային ու տեղական մակարդակ իջեցնել գործադիր իշխանության մի շարք ծառայություններ։

Նախարարը նկատել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական փոփոխություններն ու դրա արդյունքում երկրում մեկնարկած համակարգային բարեփոխումները կառավարությանը ստիպել են վերաիմաստավորել տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը ժողովրդավարության կայացման բարդ և բազմագործոն ճանապարհին։ «ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը դարձնել ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթություն, այլև յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվություն և հրամայական։ Մենք համոզված ենք, որ կառավարության կողմից համայնքներում իրականացվող իրավական, սոցիալական, տնտեսական և նորարական համալիր գործողությունների ու ծրագրերի միջոցով մեզ կհաջողվի բացառապես պետական քաղաքականության ազդեցության կրողից տեղական իննքակառավարումը վերածել ազդակ հաղորդող և արդյունք գեներացնող ինստիտուտի»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է նախարարը և միաժամանակ ընդգծել, որ բարեփոխումների բարդ ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է միջազգային գործընկերների պատրաստակամ աջակցությունը։
Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոտոն պատրաստակամություն է հայտնել ապահովել անհրաժեշտ այն ռեսուրսների առկայությունը, որոնք պակասում են Հայաստանում տեղական նշանակության կարիքների գնահատման համար: «Մեր բոլոր ջանքերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգն ավելի կայուն և ուժեղ դարձնելուն»,- նշել է դեսպանը :

Իր հերթին Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆ գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և մասնավորապես ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ծավալված արդյունավետ համագործակցության առնչությամբ: «Մենք հակված ենք գործադրել առավելագույն ջանքերը, որպեսզի Հայասանում տեղական ինքնակառավարումը թափանցիկ և հաշվետւ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ընդունեն ավելի արդյունավետ ընթացք: Վստահ եմ, որ համատեղ ջանքերը միևնույն նպատակի շուրջ կենտրոնացնելու պարագայում հաջողությունները լինելու են շարունակական և ավելի ակնառու»,- ընդգծել է դեսպանը:

Միջոցառման շրջանակներում նախարար Պապիկյանը աշխատանքային զրույց է ունեցել դեսպաններ Ստեֆանո Լազարոտոյի, Միխայել Բանցհաֆի, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլի հետ։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարներին ու օրակարգային առաջնահերթություններին առնչվող հարցեր։

«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» 2-րդ փուլ ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվելու է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և Եվրոպայի խորհրդի (CoE) կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին