Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ատոմակայան

26.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀԱԷԿ՝ ծանոթանալու պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին, ընթացիկ վիճակին, արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։

Փոխնախարար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման միջոցառումներին և առաջիկա անելիքներին:

Նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին:

«Առաջիկայում նախատեսվող արդիականացման միջոցառումներով և ձեռքբերումներով է պայմանավորված լինելու ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում հետաքրքրվածության մակարդակի բարձրացումը և նոր մասնագետների ներգրավումը»,- ասել է նախարարը: Այս առումով նախարարը բարձր է գնահատել մասնագիտական խորը գիտելիքներ, գործնական հմտություններ ու երկարամյա փորձառություն կուտակած աշխատակիցների ներդրումը Հայաստանի էներգահամակարգի կայունության և անվտանգության ապահովման գործում:
Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Հիշեցնենք, որ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի 3-րդ և 4-րդ տուրբոգեներատորները միացան ՀՀ էներգահամակարգին: Տուրբոգեներատորների գործարկումը կատարվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան:Այս պահին ՀԱԷԿ-ը ՀՀ էներգահամակարգին մատակարարում է 285-390 մեգավատտ հզորության էներգիա:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին