Նորություններ

Լրատվություն

Փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին

18.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին: Կենտրոնը Հայաստանում իրականացնելու է հանքարդյունաբերության ոլորտի՝ շրջակա միջավայրի և առողջապահական հարցերի վերաբերյալ ընդհանուր ուսումնասիրություն:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության պատվերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները պետք է օժանդակեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակմանը:

Լիլիա Շուշանյանը ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ կարևորել է ուսումնասիրվող հարցերի նշանակությունը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման քաղաքականության մշակման գործում: Փոխնախարարը նշել է. «Մեզ համար հստակ է, որ 21-րդ դարում հանքարդյունաբերության ոլորտը ոչ միայն պետք է անմիջականորեն կապված լինի կայուն զարգացման հետ, այլև ունենա իր ներդրումը այդ գործում: Այս նպատակը չի կարող իրագործվել առանց բնապահպանական ու առողջապահական կարգավորումների թույլ կողմերը բացահայտելու, միջազգային փորձագետներից լավագույն փորձի վրա հիմնված առաջարկություններ ստանալու և դրանք կյանքի կոչելու»:

Աշխատանքային քննարկման ընթացքում DMT հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ջեֆրի Սմիլը նախատեսվող աշխատանքների կառուցվածքը ներկայացնելիս նշել է առաջնային ուշադրության երեք քայլերը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավական կարգավորումների, ինստիտուցիոնալ կարողությունների և մի քանի հանքավայրերի ուսումնասիրությանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա աշխատանքների կազմակերպման և հաջորդ տարվա սկզբին առաջնային արդյունքներ ներկայացնելու մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին