Նորություններ

Լրատվություն

ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

21.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են էներգետիկայի ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ու աղբավայրերի կառուցմանը, ջրային ոլորտի բարեփոխումներին և ջրամբարաշինությանն առնչվող ծրագրերին։ Այդ համատեքստում նախարար Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է Գերմանական զարգացման բանկի (KFW) ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ վարկային ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում ԳԴՀ կառավարության և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը և նշել․ «ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները, ինչի շնորհիվ մենք ունենք արդեն արձանագրված արդյունքային հաջողություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, խորհրդատվական և վարչական ծառայությունների մատուցման, քաղաքացիների սպասարկման և ծառայությունների հասանելիությունն ապահովելու հարցում»։

Դեսպան Միխայել Բանցհաֆը, նկատելով հանդիպման կարևորությունը, վստահեցրել է, որ ԳԴՀ կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով, և վերահաստատել պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու հայ-գերմանական համագործակցության ամրապնդմանը մատնանշված ոլորտներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին