Նորություններ

Լրատվություն

Տեղի է ունեցել «Հաղթանակ» ենթակայանի վերաբացման արարողությունը

24.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110/10կՎ «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը: Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, մատնանշել է զարգացման երկկողմ համագործակցության ծրագրերի ծավալով մեր խոշորագույն դոնոր Համաշխարհային բանկի աջակցությամբ էներգետիկայի բնագավառում իրականացված մեծածավալ ծրագրերի դերն ու նպաստը ՀՀ էներգահամակարգի հուսալիության բարձրացման գործում:

«Այսօր մենք ականատես ենք Հայաստանի էներգետիկ համակարգում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հաջողությամբ իրականացված ևս մեկ խոշոր՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագրի ավարտին` «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկմանը: Այս ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում»,- նշել է նախարարը և արձանագրել, որ վերակառուցման աշխատանքների ընթացքում կառուցված նոր 110 կՎ բաց բաշխիչ սարքավորումների, տեղադրված SCADA համակարգի, փոխարինված 125 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորների շնորհիվ կբարձրանա էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, Երևան քաղաքի կենտրոնի և հարավային շրջանների սպառողների էլեկտրամատակարարման կայունությունը, կնվազի սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կկրճատվեն շահագործմնան ծախսերը:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքում իրենց գործուն աջակցությունը ցուցաբերած կողմերին՝ Համաշխարհային բանկին, ծրագրի պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կոլեկտիվին, գլխավոր կապալառու «Կասկադ-Էներգո» ընկերությանը, ծրագրի խորհրդատու «Դեկոն/ Կոնսուլեկտրա» համատեղ ձեռնարկությանը, ինչպես նաև ենթակապալառու կազմակերպությունների աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ 1988թ, հիմնադրված «Հաղթանակ» ենթակայանի վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2016թ. հուլիս ամսից, դրանք հաջողությամբ իրականացնելու համար ներդրվել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար: Այժմ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ենթակայանում աշխատում է 15 մարդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին