Նորություններ

Լրատվություն

Հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում կարևոր է նպատակային ծրագրերի արդյունավետ իրականացումը. Լիլիա Շուշանյան

30.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հոկտեմբերի 29-ին ներկա է գտնվել «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցել են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ղեկավարներ և բնակիչներ:
Փոխնախարար Շուշանյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նմանօրինակ հանդիպումների պարբերաբար անցկացման անհրաժեշտությունը և միաժամանակ ընդգծել, որ շահագրգիռ կողմերի ու ոլորտային մասնագետների միջև ծավալվող առողջ բանավեճը ոլորտում առկա խնդիրները կառուցողական ճանապարհով հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցն է։

«Պայմանավորված մեր ոլորտի օբյկտիվորեն բարդ և բազմակողմ լինելու հանգամանքով՝ մենք խնդիր ունենք հարցերի լուծումն ապահովել շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունների հաշվառման միջոցով։ Մեր ունեցած համատեղ աշխատանքային փորձը վկայում է, որ շոշափելի արդյունքների հնարավոր է եղել հասնել միայն այն դեպքում, երբ կողմերը սկսել են մեկ սեղանի շուրջ քննարկել հուզող հարցերը՝ լսելով նաև մյուսների տեսակետը։ Յուրաքանչյուրս մեզ վրա պետք է վերցնենք բարեփոխման պատասխանատվությունն ու լծվենք աշխատանքի: Ես լիահույս եմ, որ մեր նպատակները իսկապես համընկնում են և մենք կկարողանանք ցանկացած քննարկում կամ աշխատանք նման կառուցողական ոճով իրականացնել ու արդյունքներ գրանցել »,- ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Անդրադառնալով հանքարդյունաբերական ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը՝ փոխնախարարը շեշտել է, որ պետությունն իր քաղաքականությունն ուղղում է դեպի սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերություն և այս առումով կարևոր է ազդակիր համայնքներում նպատակային ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Հանդիպման օրակարգի շրջանակներում քննարկվել են մետաղական հանքարդյունաբերություն ունեցող համայնքների խոշորացման հետևանքով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի կիրառմանը, բնապահպանական և առողջապահական ծրագրերի շահառու բնակավայրի ընտրությանն, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն առնչվող հարցեր։
Միջոցառումը կազմակերպվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին