Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

30.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանարապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնին։
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գործընկերության ու բարեկամական ընկալման վրա խարսխված առանձնահատուկ մակարդակի շփումները և անձնական պատրաստակամություն հայտնել սեփական նպաստը բերել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում։ Նախարարի խոսքով հայ-շվեդական համագործակցության օրակարգի կարևորագույն բաղկացուցիչ է համարվում Հայաստանի և Շվեդիայի տարածքային միավորների, մասնավորապես Լոռու մարզի և Ուպսալայ նահանգի միջև լավագույն փորձի ու գիտելիքի փոխանակման վրա հիմնված միջտարածաշրջանային կապերը։ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներից զատ մեր նախարարությունն այժմ ունի գործառութային շատ ավելի ընդգրկուն տարածականություն, ինչը հնարավորություն է ընձեռնում փոխգործակցության նոր եզրեր փնտրել և լավագույնս օգտագործել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կուտակված ողջ ներուժը»,-ասել է նախարարը։
Բիրյեր Կարլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ շվեդական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առաջնահերթ ուղղություններով գործընկերության նոր օրակարգ նախանշելու գործում։ Դեսպանության գործերի հավատարմատարը նախարարին տեղեկացրել է, որ տարածաշրջանային ծրագրերին զուգահեռ շվեդական կառավարությունը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության կազմակերպության հետ միասին Հայաստանում նախաձեռնում է իրականացնել երեք բաղադրիչնեից բաղկացած արդյունքահեն ծրագիր։ Զարգացման համագործակցության հարթակի վրա հիմնված այս ծրագիրը ընդգրկում է շրջակա միջավայրի պաշտպանության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, տարածքային կարողությունների հզորացման, կայուն քաղաքների ձևավորման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտները։
Նախարար Պապիկյանը զրուցակցի հետ քննարկել է նաև Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները և այս առնչությամբ արձանագրել, որ կառավարությունը փորձում է ի դեմս համայնքների ձևավորել կայուն տնտեսական կենտրոններ, որոնք կկարողանան արդյունավետ և օպտիմալ օգտագործել առկա ռեսուրսներն ու ենթակառուցվածքային հնարավորությունները։ «Երևանի ծանրաբեռնվածության լիցքաթափման և ապակենտրոնացման նպատակով մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի տասը քաղաքներում զարգացնել ենթակառուցվածքային հզորությունները, խթանել տնտեսական ակտիվությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը»,- նկատել է նախարարը և հույսով հավելել, որ հայկական կողմի արդեն իսկ նախաձեռնած քայլերը հաջողությամբ կթղթակցվեն գործընկեր Շվեդիայի առաջարկած ծրագրային օրակարգի հետ։
Կողմերը պայմանավորվել են պարբերական հանդիպումների և շահագրգիռ քննարկումների միջոցով մշակել առկա գաղափարների և նախագծերի ներդրման առավել արդյունավետ ճանապարհներ։
Ավարտին Բիրյեր Կարլսոնը նախարար Պապիկյանին է փոխանցել 2020թ․ փետրվարին Ստոկհոլմում կայանալիք «Ճանապարհային անվտանգության գլոբալ նախարարական համաժողովին» մասնակցության՝ Շվեդիայի Թագավորության ենթակառուցվածքների նախարար Թոմաս Էներոթի հրավերը։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին