Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանի հետ:

04.11.2019

Իրան կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախարար Սուրեն Պապիկյանին հրավերն ընդունելու համար՝ Ռ․ Արդաքանեանը նշել է, որ նախարարի մասնակցությունը իրանական էներգետիկայի ցուցահանդեսին և այցի ընթացքում նախատեսվող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում բանակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների շուրջ և քննարկելու դրանց ուղղությամբ գործնական քայլերի հաջորդականությունը։
Նախարար Պապիկյանը իր և պատվիրակության անունից երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես ընդգծել, որ բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-իրանական համագործակցությունը Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից, ինչպես նաև նախորդ տարի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռազմավարական նոր ուղղություններ բացահայտելու հայտ է ներկայացնում։
Խոսելով էներգետիկ ցուցահանդեսի կարևորության և իր տպավորությունների մասին՝ նախարարը ուրախությամբ արձանագրել է, որ այն հնարավորություն ընձեռեց բացահայտելու էներգետիկ ոլորտում տարածաշրջանային կարևոր դերակատարություն ունեցող ԻԻՀ ձեռքբերումներն ու տեղական արտադրության էներգետիկ սարքավորումների նորարություններն ու կարողությունները։
Ի թիվս օրակարգային հարցերի կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան 400կվտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացիկ տեմպերին և կարևորել Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի նախատեսվում է շինարական աշխատանքներն ավարտել 2020թ․ դեկտեմբերին։
«Էներգետիկ բնագավառում հայ-իրանական համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել, որին զուգընթաց ընդլայնվել է նաև առաջիկա համատեղ անելիքներնի օրակարգը։ Մենք շարունակում ենք մեր հարաբերություններում առաջնորդվել փոխշահավետ համագործակցության սկզբունքով»,- նշել է Սուրեն Պապիկյանը և համոզմունք հայտնել, որ փոխհամաձայնեցված քայլերի և համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել ծրագրի շինարարության ընթացքից բխող խնդիրները և նախանշված ժամկետներում կյանքի կոչել այն։
Նախարարը խոսել է նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացիկ փուլի և էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայի ձևավորման հեռանկարների մասին՝ հատկապես ընդգծելով Հայաստանի՝ որպես էներգետիկի միջանցքի տարանցիկ դերակատարությունը ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և Իրանի էներգահամակարգերի միջև։
Հանդիպման ընթացքում համատեղ ծրագրերի հաջող իրագործումը ապահովելու նպատակով ձեռք են բերվել մի շարք աշխատանքային պայմանավորվածություններ ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման, ներդրումների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին