Նորություններ

Լրատվություն

Նախարար Պապիկյանը ժնևում ներկայացրել է ՀՀ-ի լավ փորձը՝ փախստականների խնդիրների լուծման ոլորտում

18.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։
Նախարար Պապիկյանը կարևորելով միջոցառման ձևաչափը՝ շեշտել է, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։ «Հետևաբար մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթևացմանը և փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը համալիր կերպով վերանայում է փախստականների, տեղահանված անձանց և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը՝ շեշտադրելով ինչպես պետական և հասարակական կառույցների համակարգված աշխատանքը, այնպես էլ նշված խմբերի ինքնուրույնության զարգացումը։ «Այս դրույթն ընկած է նաև 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և երկրի զարգացման մեր ներկայիս տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց»,-նշել է նախարարը։

Նախարար Պապիկյանի խոսքում նշվել է նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների արդյունքում տեղահանված շուրջ 400 000 փախստականների մասին, որոնք այդ ժամանակահատվածում կազմել են Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։ «Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասել է նա՝ վկայակոչելով կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշումը, որով ապահովվում է դեռևս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի բնակարանի խնդիրը։ «Այս փաստը ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք այդ անձանց ամբողջական ինտեգրումն ապահովելու հարցում»,-ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը խոսել է նաև Սիրիայից եկած 22 հազար փախստականների մասին, որով հայաստանը դարձել է մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում։ «Նրանցից շատերն այն հայերի սերունդներն են, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը և այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենանում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանականայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին և պետություններին ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար»,-ասել է նա։

Խոսքի ավարտին նախարար Պապիկյանն ավելացրել է , որ ՀՀ-ն հյուրընկալում է նաև տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից և առավել փոքր թվերով աֆրիկյան և ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն և անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։ 

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է 2018թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատված Փախստականների համաշխարհային հռչակագրի շրջանակում։ Ֆորումը հնարավորություն կտա պետություններին փախստականության խնդիրների լուծման միջազգային սկզբունքներն ավելի գործնական դարձնելու և դրա ուղղությամբ ճշգրիտ քայլեր ձեռնարկելու։ Քննարկումները նպատակաուղղված են ընդունող համայնքների բեռը թոթափելուն և փախստականների ինքնաբավությունը խթանելուն։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին