Նորություններ

Լրատվություն

Այս պահին առկա տվյալներով 2019 թ. կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ. քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. ծրագրերը

19.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետն անդրադարձել է այս տարի իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքներին և արձանագրված ցուցանիշներին, որոնց վերաբերյալ այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Փաստերը հետևյալն են՝ 2019 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է, հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, դեկտեմբերի դրությամբ՝ 360 կմ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով նոյեմբերի դրությամբ՝ 110 կմ: Այս պահին առկա տվյալներով կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս տարի հիմնանորոգվել է շուրջ 360 կմ պետական նշանակության ճանապարհ, և սա այնքան է, որքան 2013-2017 թթ. կատարված նույնանման աշխատանքները՝ փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում 5 տարում էր կատարվում: Այստեղ կա կարևոր ևս մեկ փաստ. նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը: 2014 թ. 1 կմ ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են 2.5 անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ:

Սրանք, այսպես ասած, խոշորացված տվյալներն են, և ճիշտն ասած, այս գրառման համար անհրաժեշտ տվյալները, երբ ես ունեցա այս թվաբանությունը, որոշակիորեն կասկածելի թվաց: Բայց վերստուգեցինք և, ըստ էության, կարողացանք արձանագրել, որ խոշոր պատկերով ստացվում է սա: Երբ վերցնում ենք բյուջետային հատկացումը և բաժանում ենք կատարված աշխատանքի վրա, ստացվում է այսպիսի պատկեր: Իհարկե, լավ է արդյունավետության մեծացման առումով, բայց այս տվյալը նաև որոշակի հարցեր է առաջացնում, և կարծում եմ՝ տրամաբանական պետք է լինի, որպեսզի մենք այս իրավիճակը վերլուծենք, հասկանանք նաև, թե որքանով ենք ճիշտ մեր ընկալումներում՝ զուտ թվաբանական արդյունավետության առումով: Այս կապակցությամբ խոսակցություն եմ ունեցել Գլխավոր դատախազի հետ և կարծում եմ՝ պարոն Պապիկյան, ճիշտ կլինի այս տվյալները մենք հասցեագրենք Գլխավոր դատախազին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն՝ հասկանալու համար՝ այստեղ որևէ խնդիր ունե՞նք, թե՞ չունենք: Եկեք պայմանավորվենք, որ այս տվյալները ևս մեկ անգամ վերստուգելով, այս ընդհանուր պատկերի մասին, առանց կանխավարկածի, առանց որևէ պնդման, ուղղակի ուղարկենք, որպեսզի դատախազությունում ստուգեն տվյալները և գանք որոշակի եզրակացության»:

Քննարկումը ծավալվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. առաջնահերթությունների և ըստ ոլորտների նախատեսված միջոցառումների շուրջ։ Նախարար Սուրեն Պապիկյանը նախ անդրադարձել է ճանապարհաշինական ծրագրերին՝ նշելով, որ 2020 թ. նախատեսվում է ավելի քան 500 կմ տարբեր նշանակության ճանապարհների նորոգում, և մրցույթների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայացվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշերի շրջանակում նախատեսվող աշխատանքները: Վարչապետը կարևորել է այս տարի սկսած մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքների շարունակումը և, պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով ճանապարհների որակի, տեխնիկական պատշաճ հսկողության կարևորության վրա, հանձնարարել գալիք տարում ճանապարհաշինության աշխատանքներն իրականացնել որակական բարձր չափանիշներին համապատասխան և լոտերի խոշորացման տրամաբանությամբ:

Հաջորդիվ քննարկվել են 2020թ. հանրապետության մասշտաբով տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման և վերելակային տնտեսության արդիականացման ուղղությամբ անելիքները: Նախարար Պապիկյանը նշել է, որ նախատեսվում է փորձնական մրցույթներ իրականացնել, մասնավորապես, մարզային տրանսպորտային ցանցերի բարելավման և կառավարման արդյունավետ մոդելների ներդրման նպատակով, իսկ վերելակների մասով քննարկումներ են ընթանում և՛ Երևանում, և՛ մարզերում միասնական ծրագրով առաջ շարժվելու շուրջ: Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը՝ անդրադառնալով, մասնավորապես, տրանսպորտային ցանցի բարելավման, վերելակային տնտեսության արդիականացման, էներգախնայողության մակարդակի բարձրացման աշխատանքներին: Նա նշել է, որ 2020 թ. նախատեսվում է մայրաքաղաքի համար որոշակի քանակությամբ նոր շարժակազմի ձեռքբերման համար մրցույթների անցկացում, որոնք հնարավորություն կտան արդիականացնել Երևանի տրանսպորտային ցանցը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի շարունակականությունը և նշել, որ ընդհանրապես բոլոր ուղղություններով պետք է գնալ ոչ թե հատվածական լուծումների ճանապարհով, այլ համապարփակ ռազմավարություն մշակել՝ երկարաժամկետ կտրվածքով: Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել ևս մեկ կարևոր հանգամանքի վրա՝ առկա ծրագրերի իրականացման համատեքստում առաջնահերթություն դիտարկել տեղական ներուժի ներգրավումը, տեղական հզորությունների զարգացումը: «Պետք է տեղական արտադրությունը խթանելու խնդիր դնել, ինչն իր հետևից շղթայական էֆեկտներ կբերի՝ նոր աշխատատեղերի ստեղծում, մասնագիտական կարողությունների զարգացում, տեղական աշխատուժի ներգրավում և այլն», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև ջրային համակարգի բարեփոխման ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ համակարգի առողջացման նպատակով կառավարության կողմից իրականացված մարումների շնորհիվ 2019 թ. շուրջ 4.3 մլրդ դրամով նվազել է ՋՕԸ-երի կուտակած պարտքը, 800 մլն դրամով աճել են սեփական եկամուտները, ներկայում քննարկվում է ոլորտային ռազմավարությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ռազմավարության շրջանակում քննարկել ՝ ջրային ենթակառուցվածքները բարելավելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացին համահունչ սեփական եկամուտներ հավաքման մակարդակ ապահովելու համակարգային լուծման ուղիները: Էներգետիկայի ոլորտում 2020 թ. անելիքների շրջանակում, ի թիվս մի շարք ծրագրերի, անդրադարձ է եղել, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը և էներգախնայողության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերին: Քննարկվել են ոչ միայն մակրո, այլև միկրո մակարդակում այլընտրանքային էներգետիկայի խթանման ուղղությամբ նախատեսվող ՝ այդ թվում՝ հանրային իրազեկման աշխատանքները, որոնք, վարչապետի դիտարկմամբ, պետք է իրականացվեն միջգերատեսչական համակարգվածությամբ:

Նախարար Սուրեն Պապիկյանը նաև անդրադարձել է միգրացիայի ոլորտում արձանագրված որոշ արդյունքների. նա նշել է, որ այս տարի փախստականների 112 ընտանիքի համար տրվել են ԲԳՎ-ներ, ինչը նախատեսված չի եղել բյուջեով, իսկ 2020 թ. համար նախատեսված է 2 մլրդ 270 մլն դրամ հատկացնել՝ այս խնդրի կարգավորման համար: Նախարարի խոսքով՝ նախորդ տարիներին նման ցուցանիշ չի արձանագրվել, և սա աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ:

Վարչապետին զեկուցվել է, որ պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է 2020 թ. ֆինանսական ցուցանիշների էական աճ, էլեկտրոնային աճուրդի գործիքի ներդրում և ընդհանրապես պետգույքի աճուրդի ընթացակարգերի բարելավում, իսկ քաղաքացիական ավիացիայի մասով աշխատանքներն իրականացվելու են թռիչքային անվտանգության բարձրացման, օդանավակայանից քաղաք տեղափոխող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և Քաղավիացիայի կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել իրենց համակարգման տիրույթում գտնվող ոլորտների զարգացման աշխատանքները և տվել մի շարք հանձնարարականներ: 

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին