Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2019

Սիրելի՛ հայրենակիցներ
Հարգելի՛ գործընկերներ
Առաջնագիծը պահող մեր սիրելի զինվորներ

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում ձեռքբերումների, առողջության և խնդությամբ լի նոր տարի։
2019թ. ավարտին մնացել են հաշված րոպեներ, որոնք ևս մեկ առիթ են խորհելու տարվա ընթացքում իրականություն դարձած նպատակների և գալիք տարում նախանշվող ծրագրերի մասին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար տարին իրավամբ հաջողված էր, քանի որ ամենօրյա աշխատանքով փորձել ենք մեր քաղաքացիների համար նոր Հայաստանը օր առաջ դարձնել ավելի լավը և բարեկեցիկ։

Ինչպես հայտնի ասացվածքն է ասում, եթե ուզում ես զարգացնել երկիրդ, պետք է կառուցել ճանապարհներ։ Իզուր չէ, որ մեր քաղաքացիները իրենց բարձր և, միաժամանակ, պարտավորեցնող գնահատականը տվեցին հենց այս ոլորտում գրանցված հաջողությունների համար։
2020 թվականին ևս մեր ջանքերն ուղղված են լինելու հանրապետության համայնքներում արդիական և հագեցած ենթակառուցվածքներ ստեղծելուն, ինչը վստահաբար ապահովելու է մեր երկրի համաչափ և հարատև զարգացումը։ Սա է պահանջում տնտեսական հեղափոխության տրամաբանությունը, սա է հիշեցնում մեզ բոլորիս թավշյա հեղափոխությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գալիք տոների առթիվ, սիրելի՛ քաղաքացիներ։
Վստահաբար կարող եմ ասել, որ 2020 թվականին ու այդուհետ մենք երկար ճանապարհ ունենք միասին անցնելու, որպեսզի քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ շենացնենք մեր Հայաստանը։

Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ ուղղում ծառայության մեջ գտնվող մեր բոլոր զինվորական ընկերներին, շնորհակալ ենք ձեր առաքելությունը պատվով իրականացնելու և մեր խաղաղ մուտքը 2020 թվական ապահովելու համար։

Խոնարհումս նաև հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79

Բաժանորդագրում նորություններին