Նորություններ

Լրատվություն

Կկազմակերպվի վեցամսյա պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար

02.03.2020

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ 2019թ․ հոկտեմբերին կնքվել է Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը։ Ի թիվս այլ ծրագրային միջոցառումների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նախատեսվում է կազմակերպել վեցամսյա աշխատանքային պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող և ավարտական կուրսերում սովորող իգական սեռի ուսանողների համար։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը տեղեկացրեց‚ որ արդեն դիմել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությանն այս հարցում համագործակցելու համար։ Ուսանողներն իրենց պրակտիկան կանցնեն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում‚ ինչի համար նաև կվճարվեն։

«Ճանապարհաշինության ոլորտում այսօր ինժեներների, նախագծողների և ճանապարհային անվտանգության մասնագետների պահանջ կա‚ և նման նախաձեռնությունները կօգնեն լրացնել այդ բացը։ Բացի այդ‚ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու կարողությունները կատարելագործել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության հմուտ մասնագետների ղեկավարությամբ և պրակտիկ աշխատանքի ընթացքում։ Նախատեսվում է պրակտիկանտների-ստաժորների ընտրության և ՊՈԱԿ-ի աշխատանքներում ներգրավման գործընթացն սկսել առաջիկայում՝ 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Չնայած ծրագրով նախատեսված պարտադիր պահանջը վերաբերում է միայն իգական սեռի ներկայացուցիչներին, սակայն նախատեսվում է պրակտիկային ներգրավել նաև տղաներին»‚- ասաց Լյուդմիլա Աղաբեկյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը միակ պետական ընկերությունն է, որը Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական այլ հաստատությունների հետ ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում ճանապարհաշինության ոլորտում, ակնկալվում է, որ ծրագրում ներգրավված պրակտիկանտները-ստաժորները հետագայում ՊՈԱԿ-ում‚ ճյուղային նախարարությունում կամ ճանապարհաշինական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններում աշխատանք գտնելու ավելի լայն հնարավորություններ կունենան։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին