Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

12.05.2020

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:

Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:
«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին