Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

25.03.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացել է գյուղացիների կողմից բարձրացված խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են մսի իրացման, անասնակերի, ոռոգման ջրի, ճանապարհների վերանորոգման հարցերին, քննարկել դրանց լուծման հնարավորությունները: Դավիթ Լոքյանը գյուղացիներից հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրեր կարող է համայնքն իրականացնել այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Նա նշել է, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով փորձ է արվելու ներդրումային քաղաքակության ճանապարհով համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ համայնքի բնակիչն ինքը պետք է ավելի շատ նախաձեռնող լինի և առաջարկներ ներկայացնի, որոնք ուղղված կլինեն իր խնդիրների լուծմանը: Այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելել է նաև վերոնշյալ համայնքների դպրոցներ, ծանոթացել կրթահամալիրների շենքային պայմաններին:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է Կոշ համայնքում գտնվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարանը, որտեղ գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն Ասլանյանի, գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ նախարարը Դավիթ Լոքյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասում, ծանոթացել գործարանի հզորությանը և ընկերության զարգացման ծրագրերին: Ներկայումս ընկերության խաղողի և պտղատու այգիների տարածքը կազմում է 125 հա: Նախարարին ներկայացրել են, որ ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների բնակիչների զբաղվածության հարցը. գյուղատնտեսական աշխատանքների շրջանում հարևան համայնքներից այստեղ աշխատում է շուրջ 200 մարդ:

Այնուհետև նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, շրջայց կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին:
Կենտրոնի ղեկավար կազմի հետ նախարարը քննարկել է կենտրոնի արդիականացմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի հիմնանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով հագեցվելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշել է, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Աշտարակի համայնքապետարանն էր: Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և տարածաշրջանի գյուղապետերի հետ նախարարն անցկացրել է խորհրդակցություն` համայնքային ծրագրերը և համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման ուղիները քննարկելու նպատակով:

Ողջունելով ներկաներին, նախարարը ևս մեկ անգամ կարևորել է նախարարության անվան և կառուցվածքի մեջ ավելացված զարգացման բաղադրիչը: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել փոքր և միջին արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք, նրա համոզմաբ, լրացուցիչ տնտեսական էֆեկտ կարող են ապահովել համայնքների զարգացման տեսակյունից:

"Մեր խնդիրն է դառնում բնագավառ առ բնագավառ, գյուղ առ գյուղ ուսումնասիրել` ինչ ներուժ կա գյուղում` բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական հզորություններ, այլ բնական հզորություններ` ջրային, հանքարդյունաբերության և այլն: Եվ դրա հիման վրա մենք պետք է կարողանանք համայնքային որոշակի խմբերում միկրո ձեռնարկություններ ստեղծել: Ես համոզված եմ, որ մենք ապագայի համար լուրջ հնարավորություններ ձեռք կբերենք և կկարողանանք առաջ շարժվել",-նշել է նախարար Դավիթ Լոքյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին