Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Սյունիքի մարզ

02.04.2016

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ Դավիթ Լոքյանն այցելել է Գորայք, Սառնակունք, Ծղուկ,Սիսիան, Գորիս, Շինուհայր համայնքներ, համայնքների բնակիչների հետ քննարկել խոշորացման ծրագրի գործընթացներին, ինչպես նաև համայնքներում նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Սյունիքի մարզում ներկայումս խոշորացվել է 8 համայնք՝ Տաթևը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քաշունին` Շինուհայր կենտրոնով: Խոշորացման արդյունքում ստեղծված համայնքների փնջերի զարգացման համար տարբեր միջազգային կազմակերպություններ նախատեսել են ֆինանսական աջակցություն, ծրագրերը հիմնականում պետք է ուղղված լինեն աղքատության նվազեցմանը, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարարի առաջին կանգառը Գորայք համայնքում էր. նախատեսվում է, որ այս համայնքի շուրջ կմիավորվեն հարևան երեք` Սառնակունք, Ծղուկ,Սառնաղբյուր համայնքները:Նախարարը Գորայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս տարածաշրջանի համար քննարկվում է մսի և պանրի արտադրություն հիմնելու ծրագրերը, սակայն իր այցի նպատակն է տեղում համայնքի բնակիչների հետ քննարկել դրանք, խոսել նրանց հետ այն խնդիրների մասին, որոնց լուծումը վերջիններս ավելի առաջնահերթ են համարում: Դավիթ Լոքյանը նշել է, որ քննարկվում է նաև ոչ գյուղատնտեսական ձեռնարկների ստեղծման գաղափարը, որը համայնքի բնակչի համար եկամուտ և զբաղվածություն կապահովի: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ քննարկվում է Գորայքում փոքր հյուրատնային համալիրի ծրագիրը, որի դեպքում հաշվի է առնվել ձմռանն այս ճանապարհահատվածի անանցանելիությունը, իսկ ամռանը զբոսաշրջիկների ակտիվ հոսքը:

«Պետությունն իր ուշադրությունը ուղղել է հեռավոր լեռնային գյուղական համայնքների զարգացմանը:Տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է տարածքների զարգացման անհամաչափություն, այսօր մեր խնդիրը պետք է դառնա այնպիսի քաղաքականություն իրականացնել, միջոցների այնպիսի նպատակային ուղղում կատարել, որպեսզի, կարողանանք հասնել տարածքների համաչափ զարգացման: Միայն այս ճանապարհով կարող ենք պահպանել մեր գյուղերը»,-համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարը:

Այնուհետև Դավիթ Լոքյանն այցելել է Ծղուկ համայնքում գտնվող «Բորիսովկա» ՍՊԸ-ի պանրի գործարան, որը մթերում է հարևան հինգ համայնքներից ստացված կաթը` մասամբ լուծելով այդ տարածքում կաթի իրացման հարցը: Նախարարը շրջել է արտադրությունում, ծանոթացել ծրագրերին: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը և պանիրն արտահանել նաև ռուսական շուկա: Դավիթ Լոքյանը նշել է, որ մարզերում հիմա նմանատիպ ոչ գյուղատնտեսական, վերամշակող արտադրությունների ստեղծման կարիք կա, որը կլուծի գյուղացիների արտադրանքի իրացման հարցը:


Սիսիանի քաղաքապետարանում Սիսիանի ավագանու մասնակցությամբ հանդիպման ժամանակ նախարարը խոսել է համայնքային կառավարման նոր սկզբունքներին անցնելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ պետական աջակցությամբ և սեփական եկամուտների հավաքագրմամբ համայնքները չեն կարող լուծել համայնքային խնդիրները, շարունակել որակյալ համայնքային ծառայություններ մատուցել: «Համայնքի ղեկավարի և ավագանու խնդիրը պետք է դառնա իր համայնքում տնտեսական ձեռնարկների խրախուսումը, մասնավոր հատվածի մոտ հետաքրքրության առաջացումը դեպի իր համայնք»,-ասել է Դավիթ Լոքյանը: Ավագանու անդամների կողմից հնչել են քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված:առաջարկներ:

Սիսիան քաղաք այցի շրջանակում Դավիթ Լոքյանը եղել է նաև քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 6 վթարային բազմաբնակարան շենքում: Ներկայումս այստեղ բնակվում է 46 ընտանիք: Նախարարը տեղեկացրել է, որ այս հարցը կառավարության օրակարգում է և առաջիկայում շենքի ամրացման ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն:


Այնուհետև տարածքային կառավարման և զարգացման նախարարն ուղևորվել է Գորիս, որտեղ Գորիսի համայնքապետարանում հանդիպել է տարածաշրջանի համայնքապետերի հետ: Նախարարը ներկայացրել է պետության որդեգրած տնտեսական զարգացման քաղաքականությունը, նշելով, որ վերջինիս իրականացման համար Հայաստանը շուտով կունենա Հայաստանի 2016-2025 թթ. տարածքների զարգացման ռազմավարություն, փաստաթղթի ընդուման արդյունքում կձևավորվի տարածքների տնտեսական զարգացման ազգային խորհուրդ, որը կղեկավարի ՀՀ վարչապետը:Նրա խոսքով, սակայն տարածքների տնտեսական զարգացման հնարավոր չէ հասնել տարածքների նման մասնատվածության դեպքում, այդ պատճառով էլ պետությունը ընտրել է համայնքների խոշորացման ճանապարհը: «Մենք չենք փորձելու պարտադրել այնպիսի համակեցություն, որի արդյունքում հնարավոր չլինի համատեղ աշխատել: Դրա համար մենք պետք է ձեր հետ քննարկենք, հաշվի առնենք յուրաքանյուր դետալ»,-ասել է նախարարը հանդիպման ժամանակ` կարևորելով նաև այդ համայնքերում ճիշտ ծրագրերի ընտրությունը: Այս հարցում Դավիթ Լոքյանն ընդծել է դերակատարությունը:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախարարն այցելել է նաև Շինուհայր համայնք, որը խոշորացումից հետո դարձել է միավորված ութ համայնքների` Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քասունիի կենտրոնը: Քննարկվել են այս փնջում նախատեսվող առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Նախարարը հանձնարարել է, որ ծրագրերի ընտրությունը բխի համայնքային փնջերում ընդգրկված բոլոր համայնքների շահերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին