Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ

23.04.2016

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Ծաղկահովիտ համայնք, որտեղ հրավիրված խորհրդակցությանը Արագածի տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկել է տարածաշրջանի համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցեր: Արագածի տարածաշրջանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ մեծ թվով համայնքներ բնակեցված են ազգությամբ եզդի բնակչությամբ: «Ձեր տարածքը յուրահատուկ է, մենք պետք է այնպիսի մոտեցում ցուցաբերենք, որպեսզի կարողանանք առանց ցնցումների այս գործընթացն իրականացնել: Աշխատանքները կիրականացվեն փոխադարձ համաձայնության սկզբունքով: Մենք այս տարածքում անպայման կունենանք եզդիական համայնք, որպեսզի համայնքը պահպանի իր ինքնությունն ու ղեկավարման առանձնակիությունը»,- ասել է Դավիթ Լոքյանը համայնքապետերին ուղղված իր խոսքում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է խոշորացման առաջարկվող մոդելը, համայնքապետերը ներկայացրել են իրենց առաջարկությունները: Նախարարը հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատասխանատուներին մեկ անգամ ևս տեղերում քննարկել այդ գործընթացները: Արագածի տարածաշրջանի համայնքների խոշորացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքային խնդիրներին, համայնքային ենթակայության նախակրթարանների վիճակին վերաբերող հարցերին, քննարկվել են դրանց լուծման հնարավորությունները: Դավիթ Լոքյանը նշել է, որ պետական աջակցությամբ և սեփական եկամուտների հավաքագրմամբ միայն հնարավոր չէ լուծել համայնքային խնդիրները կամ որակյալ համայնքային ծառայություններ մատուցել: Համայնքի ղեկավարների խնդիրը պետք է դառնա իր համայնքում տնտեսական ձեռնարկների խրախուսումը, մասնավոր հատվածի մոտ հետաքրքրություն առաջացնելը դեպի իր համայնք: Նա կարծիք է հայտնել, որ խոշորացված համայնքում ձևավորված մարդկային և ֆինանսական ռեսուրսներով ևս համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ կստեղծվեն:

Այնուհետև նախարարն այցելել է Ծաղկահովիտի բժշկական կենտրոն: Վերջինս սպասարկում է տարածաշրջանի 22 համայնքի 10 000-ից ավելի բնակիչների, սակայն ունի մասնագետների, շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվելու կարիք: Հիվանդանոցի պայմաններին ծանոթանալուց հետո Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարի հետ կքննարկվի բուժկենտրոնի արդիականացման, բարեկարգման հարցը:

Նախարար Դավիթ Լոքյանի հաջորդ կանգառը Ապարանի համայնքապետարանն էր, որտեղ Ապարանի տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրումներին, համայնքային բյուջեի եռամսյակային ցուցանիշներին, գյուղատնտեսական աշխատանքներին, ինչպես նաև համայնքային այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Նախարարն անընդունելի է համարել սեփական եկամուտների թերի հավաքագրումների երևույթը և համայնքապետերին հորդորել է բարելավել այդ ցուցանիշները՝ հաշվի առնելով, որ այդ միջոցներով են համայնքներում ծրագրեր իրականացվում:

Համայնքապետերը բարձրացրել են խնդիրներ՝ կապված նախակրթարանների հիմնման, գազիֆիկացման, դպրոցների, ճանապարհների վերանորոգման հետ: Դրանց լուծման ուղղությամբ նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին