Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Դավիթ Լոքյանի ելույթը՝ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստում

21.10.2016

Հարգելի պարոն նախագահ,
Կոնգրեսի բյուրոյի հարգելի անդամներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը նշանակալի ճանապարհ է անցել, և տեղական ժողովրդավարության կայացմանն ու հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքները մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել համագործակցության մեր օրակարգում։ Պետք է հատկապես ընդգծել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների կողմից տրամադրված մեթոդական, խորհրդատվական, փորձագիտական շարունակական և արդյունավետ օժանդակությունը Հայաստանում տեղական մակարդակում ժողովրդավարության ինստիտուտի կայացման մեր ջանքերին, տեղական ինքնակառավարման կայուն կառույցների կերտմանն ուղղված մեր ներպետական ջանքերի և միջազգային փորձառության համադրմանը:

Այժմ էլ Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության օրակարգի մշտական գերակայություն է տեղական ժողովրդավարության ամրապնդումը եւ զարգացումը: Հայաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության վերաբերյալ 2014թ. մարտի 26-ին Կոնգրեսի կողմից ընդունված թիվ 351 (2014) հանձնարարականի կատարման հանձնառությունը Հայաստանի Հանրապետության կողմից իր արտահայտությունը ունեցավ մեր պատրաստակամության մեջ` Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի Պորտուգալիայի հետ մասնակցելու հետմոնիտորինգային ծրագրին։ Մենք 2016թ. հունիսի 9-ին Երևանում, Կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնի հետ ստորագրեցինք Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին 351 (2014) հանձնարարականի իրականացումը ապահովող քայլերի ճանապարհային քարտեզը:

2015թ. դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից §Տեղական ինքնակառավարման մասին¦ եվրոպական Խարտիայի 5-րդ, 6-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերի վավերացումը` 2016թ. հունվարից Հայաստանի համար պարտադիր դարձրեց Խարտիայի բոլոր դրույթները: Հայաստանի կառավարությունը լիարժեք իրականացնելով N 351 հանձնարարականի 7-րդ հոդվածի 11-րդ առաջարկությունը`/N351,7-11/ փաստեց տեղական ժողովրդավարության ոլորտում ժողովրդավարական գործիքների կայացմանն ուղղված երկրի ձգտումների և հաստատակամության մասին:
2014 թվականին փետրվարից Դանիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը. աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, տեղական իշխանությունների կարողությունների զարգացում, տեղերում ընտրված ներկայացուցիչների առաջնորդության հզորացում» ծրագիրը, որի նպատակն է ծրագրի շրջանակում տրամադրել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագիտական կարծիքը, քաղաքական խորհրդատվությունը և աջակցությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացին` այդ թվում վարչատարածքային բարեփոխումների նախապատրաստմանը, ինչպես նաև զարգացնել տեղական իշխանությունների կարողությունները: Ներկայումս շարունակվում է ծրագրով նախատեսված գործողությունների արդյունավետ և հետևողական իրականացումը:

Հայաստանի կառավարությունը նկատի ունենալով Կոնգրեսի մտահոգությունը առ այն, որ բազմաթիվ փոքր և թույլ համայնքների առկայությունը շարունակում է կառուցվածքային /N351, 7-2/ խնդիր հանդիսանալ` անհավասարակշռություն ստեղծելով տեղական ինքնակառավարման մարմինների միջև և սահմանափակելով համայնքների` ծառայություններ մատուցելու կարողությունը` 2014թ. մեկնարկեց վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը` համայնքների պիլոտային խոշորացման և լիազորությունների ապակենտրոնացման միջոցառումների իրականացմամբ:
Այսօր կարող ենք փաստել, որ համայնքների խոշորացման առաջին կարևոր քայլերը կատարված են: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում: Համայնքների խոշորացմամբ 915 համայնքների փոխարեն երկրում ունենք 793 համայնք: 2, 140 համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել են 18 նոր համայնքներ: Մեր համոզմամբ` համայնքների խոշորացումը նպաստելու է նրանց հնարավորությունների ավելացմանն ու կառավարման ավելի արդյունավետ համակարգի ձեւավորմանը:
Տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդմանն էապես նպաստում է քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունը տեղական իշխանությունների ձեւավորման գործընթացին եւ իրենց ընտրած մարմինների գործունեության նկատմամբ ավելի նախանձախնդիր վերաբերմունքի դրսեւորումը: Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը։ Այս հարցերի լուծմանն ուղղված խնդիրների համատեքստում կարևորվում է հատկապես ավագանու ինստիտուտի լիարժեք կայացման, դրա արդյունավետության բարձրացման խնդիրը:

Վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործման, տեղական հարկերի վարչարարության բարելավման եւ այդ գաղափարներն օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ /N351, 7-10/: Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ եւ արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցաբար: Բառացիորեն 3 օր առաջ Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց §Ֆինանսական համահարթեցման մասին¦ ՀՀ օրենքը, որը բազմիցս քննարկվել ու լրամշակվել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության արդյունքում:

2015թ. մայիսի 17-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց և անցկացվեց տեղական հանրաքվե` խոշորացվող պիլոտային 1-ին խումբ համայանքներում: Վերջիններս իրենց տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ղեկավարներ և ավագանու անդամներ, ընտրեցին 2016թ. փետրվարի 14-ին:

Այս տարի անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ, որին զուգորդվեց համայնքների խոշորացման գործընթացը: 2016 թվականին Հայաստանի թվով 572 և 642 համայնքներում անցկացվել է համապատասխանաբար համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ:
- 572 ընտրված համայնքների ղեկավարներից 442-ը վերընտրվել են /77.27%/, 131-ը` ընտրվել են առաջին անգամ /22,9%/։ Նոր ընտրված համայնքների ղեկավարներից 18-ը խոշորացված համայնքների ղեկավարներ են: Նորընտիր համայնքի ղեկավարներից 2-ը կին են /1,54%/` 1-ը խոշորացված համայնքի ղեկավար: Արդյունքում Հայաստանի 793 համայնքներից 16-ում ղեկավարում են կանայք /2.02%/:
- Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին ավագանու անդամի ընտրություններ էին նշանակված 632 համայնքներում: Առաջադրված 5706 թեկնածուներից 579-ը կանայք էին (10.15%), որոնցից ընտրվել են 497-ը կամ 85.84%-ը: Ավագանիների ընտրված անդամների ընդհանուր թվում կանայք կազմում են 11.5%, որը գրեթե 3.2% ավելի է նախորդ ընտրությունների արդյունքներից: Ներկայումս Հայաստանի 793 համայնքներում գործում են 5368 ավագանու անդամներ, որից 633-ը կանայք են (11.7%-ը):

Ուշագրավ է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում նորընտիր կին ղեկավարի ընտրությունը. նա ղեկավարելու է նախկին 9 համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված 5528 բնակչություն ունեցող նոր համայնքը: Ներկայացված համատեքստում ուզում եմ փաստել, որ կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացում շարունակում է մնալ ցածր, որին հետագայում պետք է ուշադրություն դարձնել:
Այս տարվա մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում ընդունված փոփոխությունների և լրացումների արդյունքում, բացի Երևանից, հանրապետության հաջորդ երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում, ավագանու ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը սահմանվեց իրականացնել համամասնական ընտրակարգով, և որոնց կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Այսպիսով` 2016թ, հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ավագանու անդամների ընտրությունները կայացան համամասնական ընտրակարգով:

Դիտարկումները ցույց են տալիս, որ բոլոր ընթացակարգերը` թեկնածուների առաջադրումից սկսած մինչեւ ինքնաբացարկներ, տեղի են ունեցել քաղաքական գործընթացների շրջանակում: Հարկ է նշել, որ համայնքների մեծ մասում տեղի է ունեցել մրցակցային պայքար, առաջադրվել են ինչպես տարբեր կուսակցություններ ներկայացնող, այնպես էլ անկախ թեկնածուներ, որոշ համայնքներում նաեւ ներկուսակցական մրցակցության դեպքեր են արձանագրվել: Սա խրախուսելի է համայնքի բանակչությանը ընտրության հնարավորություն ընձեռելու տեսակետից:

Կարեւոր է նաեւ այն, որ ընտրությունների արդյունքներն ընդունվել են գործընթացի մասնակիցների կողմից: Կարծում ենք, որ ՏԻ մարմինների ընտրություններն անցել են ազատ եւ արդար, մրցակցային մթնոլորտում եւ ընդհանուր առմամբ արտացոլում են համայնքների բնակչության դիրքորոշումը:

Հուսով եմ, որ այս դիտարկումների հետ ընդհանուր առմամբ կհամաձայնեվի նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը:
Չնայած նշված դրական միտումներին եւ գնահատականներին, այնուամենայնիվ, դեռեւս կան խնդիրներ, որոնց ուղղությամբ Հայաստանի իշխանությունները, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, համատեղ լուծումներ պետք է առաջարկեն:

1. Առաջինը` ՏԻՄ ձեւավորման գործընթացում հասնել քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության առավել լայն մասնակցության,
2. Երկրորդը` քննարկման առարկա կարող են դառնալ նաեւ ՀԿ-ների եւ միջազգային փորձագետների` համայնքում մեկ ընտրության միջոցով ՏԻՄ-եր ձեւավորելու մասին առաջարկությունները, ինչը կարելի է իրականացված համարել,
3. Երրորդը՝ մասնակցայնության ապահովման խնդիրը։
Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի տնտեսական հաջողության գրավականը մեր տարածքային զարգացումն է: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարության համար գերակա ուղղություն է տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Հատկապես մարզերում եւ գյուղաբնակ վայրերում ձգտում ենք ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք հնարավորություն կտան բնակչության համար կյանքի նոր որակ ապահովել: վրոպայի խորհուրդն օժանդակում է մեր որդեգրած քաղաքականությանը, այդ օժանդակության արտացոլումն է նաև մեր համաձայնեցրած տեղական ժողովրդավարության զարգացման նոր` 2015-2018թթ. քառամյա գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը անկասկած կնպաստի տեղական ժողովրդավարության բարձրացմանը և ապակենտրոնացված կառավարման խորացմանը ուղղված մեր ջանքերի արդյունավետության ապահովմանը:
Մենք գոհունակություն ենք հայտնում Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի միջեւ տարեց տարի ընդլայնվող համագործակցության առնչությամբ:
2016թ. Հայաստանում նշվում է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակը: Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման այս 20-ամյա ընթացքին` կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը երկրում կայացել է: Համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով, նաև մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ: Դա կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ հասարակության վստահության աստիճանը, որը դեռեւս մեզ գոհացնող մակարդակի վրա չէ:

Հարգելի գործընկերներ,

Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Կոնգրեսի քարտուղարությանը Եվրոպայի խորհրդի §Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը. աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, տեղական իշխանությունների կարողությունների զարգացում, տեղերում ընտրված ներկայացուցիչների առաջնորդության հզորացում¦ ծրագիրը մինչև տարեվերջ երկարացնելու համար: Նաև, կարևորելով ծրագրի արդյունքները ու դրանցով պայմանավորված մեր հետայսու անելիքների անհրաժեշտությունը, դիմել քարտուղարությանը առաջիկա տարիների համար նոր ծրագրերի հնարավորություն ստեղծելու առաջարկով:

Թույլ տվեք մեկ անգամ եւս հայտնել մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսին, Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցներին՝ ցուցաբերվող մշտական ուշադրության եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին պատրաստակամ եւ ըստ ամենայնի օժանդակություն ցուցաբերելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին