Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ

28.04.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արտենի և Արագածավան համայնքներ, հանդիպումներ է ունեցել նշված համայնքի ղեկավարների հետ:

Արտենիում տեղի է ունեցել խորհրդակցություն համայնքային տարաբնույթ խնդիրների շուրջ: Նախարար Լոքյանը գոհունակությամբ է փաստել, որ Արտենին զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների շարքում է:

Համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը նախարարին է ներկայացրել համայնքի ընթացիկ աշխատանքները, մասնավորապես անդրադարձել «Արթին չրերի արտադրություն կոոպերատիվի» ընդլայնման ծրագրին, որի նպատակն է համայնքում զարգացնել գյուղատնտեսությունը, խթանել ձեռներեցությունը, բնակիչների համար ստեղծել բերքը մթերելու հնարավորություն: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել Էլեկտրական չորացման սարք, կորիզահան սարք, մուրաբաների պատրաստման հոսքագիծ: Ծրագրին հանգամանորեն ծանոթանալով Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնք- մարզպետարան- կառավարություն համագործակցությանը: Արտենիում կայացած խորհդակցության ժամանակ համայնքի ղեկավարը հարց է բարձրացրել խմելաջրի համակարգերը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնելու և միասնական օպերատորի կողմից սպասարկվելու վերաբերյալ: Նշվել է, որ Արտենի համայնքում ոռոգման ջրի ցանցը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, որի շահագործումն անարդյունավետ է և ծախսատար: Ցանցի վերանորոգման դեպքում հնարավոր կլինի մշակել շուրջ 600 հա վարելահող:

Արագածավան համայնքում կայացած խորհրդակցության ժամանակ ևս անդրադարձ է եղել ջրի հիմնախնդրին: Նախարար Դավիթ Լոքյանին տեղեկացրել են, մշակվող հողերը մեծամասամբ գերնորմատիվային են, ուստի առավել մեծ ծավալի ջրօգտագործում են պահանջում: Հարկ է նշել, որ վերոնշյալ համայնքների ջրի հիմնախնդրի առնչությամբ Դավիթ Լոքյանն արդեն դիմել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին ՝ Արագածավան համայնքում ոռոգման ջրի սակագնի նվազեցման հնարավորությունը, ինչպես նաև Արտենի համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման հարցերը քննարկելու նպատակով:

Դավիթ Լոքյանը այցելել է նաև համայնքներում գործող նախադպրոցական հաստատություններ: Նախարարը գոհունակություն է հայտնել հատկապես Արագածավանի մանկապարտեզի հետ կապված, նկատել, որ կազմակերպչական և դաստիարակչական լավ փորձը կարող է օրինակելի լինեն նաև այլ համայնքների համար: Արագածավան համայնքում քննարկվել է նաև Արագածավան խոշորացվող համայնքին վերաբերող խնդիրներ: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին