Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց Ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները

06.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:

Այցի առաջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են համայնքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման կենտրոնի (ՔՍԳ) աշխատանքներին: Ներկաներին զեկուցվել է, որ համայնքի մեջ մտնող բնակավայրերի բնակիչներն այլեւս կարիք չունեն ժամանակ վատնել որևէ տեղեկանքի համար: Խոշորացված բոլոր համայնքների այս կենտրոններում ցանկացած տեղեկանք ստանալը կամ վճարումներ անելը րոպեների հարց է: Բորոր խոշորացված համայնքներում իրականացվում է ավագանու նիստերի առցանց հեռարձակում:

Համայնքային կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Զառիթափի վարչական ներկայացուցիչները տեղեկացրել են խոշորացման արդյունքների մասին, խոսել նաև առկա խնդիրներից: Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի խոսքով, հաստիքների վերաբաշխման արդյունքում անասնաբույժի 7 նոր հաստիք են ձևավորել: Զառիթափ, Սերս, Մարտիրոս և այլ բնակավայրերում իրականացվել է խմելու ջրի ցանցերի մասնակի վերանորոգում, Նոր Ազնաբերդում լուսավորություն է անցկացվել, իսկ Զառիթափում և Մարտիրոսում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Վարչական ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նաև աղբահանության խնդրի կարգավորման հետ կապված, նշել, որ մինչ խոշորացումը աղբը կուտակվել է՝ տեխնիկական միջոցներ չունենալու պատճառով: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ առաջիկայում գումար կհատկացվի Զառիթափ համայնքին՝ առաջնային խնդիրները լուծելու համար: Այցի շրջանակներում նախարարը և կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են Մարտիրոս բնակավայրի սողանքից տուժած վթարային տների վիճակին: Նախարար Լոքյանը զրուցել է բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Ջերմուկի քաղաքապետարանում նախագծողների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ էլ քննարկվել են Ջերմուկի զարգացման ծրագրի աշխատանքների ընթացքը, իսկ հաջորդիվ Ջերմուկի վարչական ներկացուցիչները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների մասին: Այցի վերջին կանգառը խոշորացվող Եղեգիսի Շատին կենտրոնում էր: 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն հրավիրած խորհրդակցության ժամանակ նախարար Լոքյանը հայտարարել է, որ արդեն ընթացիկ ամսում ՏԿԶ նախարարության, մարզպետարանների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված հատուկ թիմերն այցելելու են համայնքներ և յուրաքանչյուրի հետ քննարկումներ են կազմակերպվելու:

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը խոշորացված համայնքներին մեկ շնչի մասով միջին հաշվով հատկացրել է 65 դոլարի չափով գումար, որը հիմնականում հենց համայնքների առաջարկությամբ է ծախսվել այս կամ այն խնդիրը լուծելու համար: Նա ներկայացրել է իրականացված աշխատանքների մասով ամփոփ տեղեկություն, արձանագրել, որ խոշորացված համայնքներում արդյունքները տեսանելի են. տրամադրվել են տեխնիկական միջոցներ, ջրագծեր են կատուցվել, համայնքային ճանապարհներ են վերանորոգվել, զարգացման ծրագրեր իրականացվել և այլն: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է վարչատարածքային բարեփոխումների մասին օրենքի վերջին փոփոխությունների նախագիծը և մենք նոյեմբերի 5-ին պետք է գնանք ընտրությունների: Համայնքներում տնտեսական ծրագրեր բերելու ժամանակն է: Մինչև նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները յուրաքանչյուր համայնքի համար պետք է նախապատրաստենք ծրագիր և հետո շատ արագ դնենք գործածության մեջ: Կարծում եմ, միասին մենք կարողանալու ենք մեկ թիմ դառնալ, ներդրումային ծրագրեր բերել, իսկ պետությունն էլ կանգնելու է խոշորացված համայնքների կողքին,-ասել է Դ. Լոքյանը: Նա կարևորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցը և հանձնարարել համայնքապետերին ուշադրության տակ պահել հարցը, հավելել, որ կառավարության կողմից առավել օժանդակության կարժանան այն համայնքները, որոնք լավագույն ցուցանիշները կունենան:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը համայնքապետերին ուղղված իր խոսքում համայնքի զարգացման հարցում կարևորել է նրանց նախաձեռնողականությունը և դրա համար անհրաժեշտ հմտությունները: Գ. Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել համայնքապետերին, նույնպես վստահեցրել, որ եթե համայնքները միավորեն իրենց ուժերը, հաջողություններն ակնհայտ են լինելու: Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցելության բոլոր հանդիպումների ավարտին համայնքապետերին և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին