Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին

29.06.2018

  Տիկնայք և պարոնայք,

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության անունից թույլ տվեք ողջունել հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:
Համաժողովի հանդեպ հետաքրքրությունը, բոլոր մակարդակներում կատարված հսկայածավալ նախապատրաստական աշխատանքները, կառավարական կառույցների, տարածաշրջանների վարչակազմերի ու սուբյեկտների, գործարար և հասարակական շրջանակների ակտիվ ներգրավվածությունը վկայում են առաջին հերթին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի և, իհարկե, տարածաշրջանային հարթության մեջ գործնական տնտեսական կապեր, նոր հարաբերություններ ու ծրագրեր հաստատելու մարդկանց անկեղծ ձգտման մասին:
Այս ձգտումները սնուցվում են մեր պետությունների միջև ջերմ հարաբերություններից, ազդակներ են ստանում կենտրոններից և մայրաքաղաքներից, թելադրված են մեր երկրների ամենատարբեր, հեռավոր և մոտ անկյունների կենսական ուժով:
Հայաստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային կապերը ծանրակշիռ ավանդ են ներդնում պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում և նպաստում երկկողմ համագործակցության ներուժի շարունակական աճին:
Տարածքների համաչափ զարգացումը, տարածաշրջանային անհավասարության բացառումը և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցությունը առաջնահերթ խնդիրներ են համարվում ՀՀ կառավարության համար: Հենց այդ պատճառով, մենք միասին պետք է փնտրենք համագործակցության ճանապարհներ և հնարավորություններ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի մակարդակով: Համոզված եմ, որ կազմակերպչական հարցերի արդյունավետ լուծման դեպքում մենք ականատեսը կդառնանք նոր համատեղ նորարարական ծրագրերի մշակմանը և իրագործմանը:
Անկասկած, մեծ է գործարար հանրույթի ներդրումը հայ-ռուսական երկկողմ համագործակցության հարաճուն զարգացման գործում: Ապակենտրոնացված համագործակցությանը հատկացված բարձր մակարդակի ուշադրությունը թույլ է տվել ոչ միայն անհրաժեշտ ազդակներ փոխանցել անմիջապես տարածաշրջաններին, այլև առկա պայմանավորվածությունների իրագործման հարցում ապահովել փոխգործակցության մեծ ներդաշնակություն, նախաձեռնել համագործակցության նոր ուղղություններ, գործի դնել նախկինում չգործադրված մեխանիզմներ ու ռեսուրսներ, հանգել կոնկրետ արդյունքների և օրակարգի իրական համալրման նոր մակարդակի:
Կարծում եմ, որ մեր հանդիպումը առանձնահատուկ է ու կարևոր: Անկեղծ և հետաքրքիր քննարկումները, որոնք վստահ եմ՝ անպայման կծավալվեն կլոր սեղանների աշխատանքների շրջանակներում, անկասկած թույլ կտան փոխանակվել մեր երկրների թվային նախաձեռնությունների վերաբերյալ կարծիքներով, թարմ գաղափարներով ու տեղեկատվությամբ և ամենակարևորը՝ մշակել Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման նոր ուղղություններ:
Այդ իսկ պատճառով համաժողովի հիմնական խնդիրն է ընդարձակել և խորացնել մեր երկրների տարբեր գործարար հանրույթների միջև նախկինում նախանշված համագործակցության ուղղությունները, ամրապնդել անմիջական միջտարածաշրջանային և բիզնես կապերը:
Ուրախալի է փաստել, որ տարեցտարի մեր համագործակցությունն ընդարձակվում է նաև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում, ամրապնդվում են փոխադարձ կապերը բժշկության ոլորտում, և այս բոլոր գործընթացների մեջ ակտիվ ներգրավված է երիտասարդությունը: Այս ամենը բնական ազդակ է հանդիսանում երկկողմ փոխգործակցության ծավալների ընդարձակման և զարգացման համար:
Ավարտելով թույլ տվեք հաջողություն մաղթել մեր համաժողովին, իսկ տարածաշրջաններին ու սուբյեկտներին՝ կազմակերպված, համատեղ աշխատանք ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների և ի շահ մեր երկրների հետագա զարգացման ու բարգավաճման:


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին