Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել ԱԷՄ գործակալության Գլխավոր համաժողովի 65-րդ նստաշրջանում

30.09.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 20-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են մշակվող վառելիքի և ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքի անվտանգությանը։

Նախարարը նշել է, որ 2021 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), որում ընդգծված է ատոմային էներգետիկայի դերը որպես Հայաստանի էներգետիկ անկախության երաշխիք։ Ծրագրով սահմանվում են 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները։

Նախարարը նշել է նաև, որ ռազմավարության հիմնական նպատակներից է գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը։
Գնել Սանոսյանը երախտագիտություն է հայտնել ԱԷՄԳ անդամ երկրների համագործակցության և փորձի փոխանակման նպատակով ապաքաղաքական հարթակ տրամադրելու համար։ Նախարարը բարձր է գնահատել կազմակերպության դերը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի կիրառման տեսանկյունից որպես հեղինակավոր, անկախ, օբյեկտիվ, փորձագիտական մարմին։

ԱԷՄԳ-ի Գլխավոր Կոնֆերանսը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարվա ամփոփիչ և կարևոր իրադարձությունն է: Նստաշրջանի ընթացքում քննարկվում են ատոմային էներգետիկայի բնագավառում նոր զարգացումները և իրադարձությունները, ինչպես նաև միջուկային էլեկտրակայանների անվտանգ շահագործման և դրանց անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց:
1993թ.-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիիրավ անդամ: Կազմակերպությանը անդամակցում են 171 երկիր:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին