ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է <<Գործուն քաղաքացիական հասարակություն>> ծրագրի ներկայացուցիչներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է <<Գործուն քաղաքացիական հասարակություն>> ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին և ծրագրի ղեկավարի տեղակալ Աննա Ավագյանին։
Ծրագրի ղեկավարը նախարարի տեղակալին է ներկայացրել ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային գործակալության կողմից, ծրագրի հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով առանցքային նպատակ հանդիսացող քաղաքացիական հասարակության ակտիվության խթանմանը, որին հասնելու համար հիմնական քայլերն են հասարակական կազմակերպությունների(ՀԿ) ֆինանսական կայունության ապահովումը, ՀԿ-ների կարողությունների գնահատումը և ուժեղացումը, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների երկխոսության ու արդյունավետ համագործակցության խթանումը, ինչպես նաև գրանտային ծրագրերի իրականացումը։ Վերջինիս նպատակը համայնքահեն կազմակերպությունների հզորացումն է։
Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, կարևորել նմանատիպ ծրագրերի իրականացումը հատկապես մարզերում ակտիվ երիտասարդության՝ երկրի հասարակական-քաղաքական կյանքին ներգրավվածությունը խթանելու տեսանկյունից։
Նախարարության ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են համայնքներում գործող մի քանի ՀԿ-ների հաջողված պատմություններ, անդրադարձել ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդին ՀԿ-ների մասնակցությանը, ինչպես նաև համայնք-հասարակական կազմակերպություններ համագործակցությանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները նախարարության ոլորտային մասնագետների հետ և կազմակերպել հանդիպումներ համայնքների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնողականություն ցուցաբերած երիտասարդների հետ։