ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։
Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։
️Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին է ներկայացրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բրազիլիայի փորձը՝ կենսավառելիքի արտադրման, ինչպես նաև հողմային, արևային էներգիայի ստացման և կիրառման փորձը։
Նախարար Սանոսյանը մասնավորապես հետաքրքրվել է կենսավառելիքի ստացման եղանակներով և այն Հայաստանում տեղայնացնելու և կիրառելու հնարավորություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն մասնագիտական մակարդակում քննարկել այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։