ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից նախաձեռնած Global Business Forum 2024-ի աշխատանքային հանդիպում-քննարկմանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դիլիջանում մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից նախաձեռնած Global Business Forum 2024-ի հերթական աշխատանքային հանդիպում-քննարկմանը, որին ներկա էին նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ։
Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությունը։ «Մանթաշյանց» ակումբի հետ կապ կա, տարբեր ֆորմատներով հանդիպում, քննարկումներ ունենում ենք, և ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցել, խոսել նախարարության կողմից տարբեր ուղղությամբ արվող աշխատանքների ու ծրագրերի մասին, որոնք էլ երկրի տնտեսության, բիզնես միջավայրի վրա ունեն մեծ դրական ազդեցություն», -ասել է նախարարը։
Իր խոսքում Սանոսյանն անդրադարձել է ՏԿԵ նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներին, դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Նախարարը մասնավորապես խոսել է ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին, ընդգծել լավ ճանապարհներ, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը։
Նախարարն անդրադարձ է կատարել մարզերին ու համայնքներին, ընդգծել համայնքների համաչափ զարգացման կարևորությունը։ Նախարար Սանոսյանն ընդգծել է` բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի։ Երբեմն բիզնեսը պետք է հուշի կառավարությանը, թե որ ուղղությամբ ինչ անելիքներ կան։
Նախարարի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում։