ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալագրեր է հանձնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինների տոնին ընդառաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայանային միավորումում ՀՀ ՏԿԵ նախարարության շնորհակալագրեր է հանձնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների։
Իր ելույթում նախարարի տեղակալը հատուկ շնորհակալություն է հայտնել մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի վնասված երկաթուղային գծերի վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար։
Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ նախատեսված ժամկետից 6 օր շուտ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բացել է երկաթուղու երթևեկությունը Հայաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղից հետո վերականգնված հատվածներում, իսկ Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատել են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ։
ՀԿԵ մի շարք աշխատակիցների շնորհակալագրեր է հանձնել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Տոնական միջոցառման ավարտին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Վանաձոր-Այրում հատվածում վարարման հետևանքների վերացման և երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ ՀԿԵ ՓԲԸ-ի հետ համակարգված համատեղ աշխատանքի համար «ՀԿԵ ՓԲԸ փոխօգնության համար» Նշանով է պարգևատրել ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին: