ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն անդրադարձել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում դպրոցների, մանկապարտեզների շենքերի շինարարության ընթացքի և գույքով ապահովելու հարցերին։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև վերանորոգման ենթակա դպրոցներին։
Արման Ադիլխանյանն իր հերթին անդրադարձ է կատարել դպրոցաշինության, այդ գործընթացում ի հայտ եկած խնդիրներին, շինարարության որակի, վերահսկողության հետ կապված հարցերին։ Հիմնական խնդիրները կապված են եղել «Վեոլիա ջուր» և ՀԷՑ ընկերությունների միացումների հետ։
Խորհրդակցության երկրորդ մասում քննարկվել են ընդհանուր օգտագործման հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության և անվտանգության հարցերը։
ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մի շարք խնդրահարույց հատվածների վերաբերյալ ներկայացրել է լուծման տարբերակներ, որոնք առաջիկա օրերին արդեն կկիրառվեն։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է ՆԳՆ, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, տեսչական մարմնի և մարզպետների աշխատակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից գույքագրված առանձին դեպքերի հիման վրա նույնպես առաջարկել լուծումներ։