
Էլ․ հասցե՝
Հեռախոս՝
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1992 թվականի հունվարի 7-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Կրթություն
Ավարտել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցը:
2008-2012 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում՝ ստանալով ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման բակալավրի աստիճան։
2012-2014 թթ. նույն համալսարանում ստացել է ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2011-2013 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հանդիսանալով «Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրն ու ֆինանսական պատասխանատուն։ Ընկերությունը ստեղծել և զարգացրել է ժամանցի ու սպասարկման վայրերի վերաբերյալ համակարգված տեղեկատվական առցանց հարթակներ։
2013-2016 թթ. աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչությունում՝ որպես մասնագետ։
2016-2018 թթ. նույն վարչությունում զբաղեցրել է գլխավոր մասնագետի պաշտոնը։ Զբաղվել է կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարմամբ և թվային բանկային ծառայությունների ներդրմամբ։
2015 թ․ միացել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորմանը և հանդիսացել նույն թվականին դրա հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության հիմնադիր անդամ։ Կուսակցության հիմնադիր համաժողովի կողմից ընտրվել է վերահսկող հանձնաժողովի անդամ։
2016-2017 թթ. ընտրվել է կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Մինչ օրս կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։
2018 թ․ տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նույն թվականի հունիսի 11-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ և պաշտոնավարել մինչև 2021 թվականի մարտի 16-ը։ Պաշտոնավարման ընթացքում համակարգել է մարզի տարածքային և տնտեսական զարգացման, կրթության, հողօգտագործման ոլորտների աշխատանքները, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։ Համակարգել է մարզի զարգացման ռազմավարության մշակման և ներդրումային ծրագրերի խթանման ուղղությունները։
2020 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին կատարել է Կոտայքի մարզպետի պարտականությունները՝ COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում։
2021 թվականի մարտի 17-ին նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար և պաշտոնավարել մինչև նույն թվականի օգոստոսի 2-ը։ Պաշտոնավարման ընթացքում համակարգել է աշխատակազմի վարչական, կազմակերպչական և ֆինանսական գործունեությունը՝ ապահովելով 7-րդ գումարման Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ու ինստիտուցիոնալ շարունակականությունը Կառավարության հրաժարականին, Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակմանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող սահմանադրական գործընթացների ընթացքում։
2022 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի մարտի 5-ը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվել են մի շարք համակարգային բարեփոխումներ․ կատարելագործվել են գույքի օտարման, վարձակալության, ներդրումային պարտավորությունների հսկողության, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման և այլ ընթացակարգեր, գործարկվել է պետական և համայնքային գույքի օտարման և վարձակալության աճուրդների էլեկտրոնային համակարգը։ Իրականացված բարեփոխումների արդյունքում պետական գույքի կառավարումից ստացված տարեկան ֆինանսական մուտքերը բազմապատկվել են, իրականացվել են մի շարք խոշորամասշտաբ ներդրումային ծրագրեր։
2026 թվականի մարտի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Համակարգում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման քաղաքականության և կոշտ թափոնների կառավարման ոլորտները։
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է
Անձնական տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում
Ամուսնացած է, ունի երկու որդի