Տեղի է ունեցել «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը
2024թ. փետրվարի 29-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԳՄՀԸ կողմից իրականացվող և Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը:
Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC/ՇԶՀԳ) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ինչպես նաև ՏԿԵՆ, ՇԶՀԳ և ԳՄՀԸ ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրի 2019-2023թթ. ձեռքբերումները հետևյալ ոլորտներում՝ վարչատարածքային բարեփոխումներ ու ապակենտրոնացում, արդյունավետ և հասանելի ծառայություններ համայնքներում, տեղական տնտեսական զարգացման խթանում, կանանց հզորացում և քաղաքացիների մասնակցություն տեղական ինքնակառավարմանը։
Շեշտադրվել է ծրագրի համապարփակ աջակցությունը ՀՀ բոլոր միավորված համայնքներին նշված ոլորտներում ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային կարողությունների ամրապնդմանը։
Քննարկել են նաև 2024-2025թթ. ծրագրի իրականացման հեռանկարն ինչպես վերոնշյալ, այնպես էլ այլ ոլորտներում՝ մասնավորապես շեշտադրելով աջակցությունն Արցախից բռնի տեղահանվածներին և ընդունող համայնքներին: