logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը: 

    Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով եւ իրավական ակտերով: 

    Հայաստանը Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիան վավերացրել է 2002 թվականին: 

    Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: 

    Տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) են` համայնքի ղեկավարը եւ համայնքի ավագանին, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով եւ կարող է կազմել 5-65 հոգի: ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին` "Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին" ՀՀ օրենքի համաձայն: 

    Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր: Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը: 

    Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ և կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները՝ օրենքով։ Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։ Համայնքի սեփական լիազորություններն ուղղված են բացառապես համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը: 

    Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ: Պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: 

    Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ: 

    Համաձայն ՀՀ Սահմանադրության եւ "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" ՀՀ օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Հայաստանը բաժանվեց թվով 10 մարզերի և թվով 931 համայնքների: Մայրաքաղաք Երեւանին տրվեց մարզի կարգավիճակ: Մարզերը բաժանվեցին քաղաքային եւ գյուղական համայնքների, իսկ Երեւանը` թաղային համայնքների: Այնուհետև, 2005թ. նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանվեց, որ Երևանը համայնք է, որի տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Դրան հետևեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումը (26.12.2008թ.): 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները: Երևանի քաղաքապետն ընտրվեց ավագանու կողմից՝ վերջինիս կազմից: 

    Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առանձին օղակ է: Յուրաքանչյուր համայնք բաղկացած է մեկ կամ մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1002 բնակավայր, որոնք միավորված են 71 համայնքներում, որից 64-ը՝ միավորված համայնքներ են: Չեն միավորվել մայրաքաղաք Երևանը, Գյումրին և թվով 5 ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված համայնքներ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ, ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով, ՀՀ Արմավիրի մարզի Կողբավան, ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո, ՀՀ Կոտայքի մարզի Արզնի: 

    Ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է, որի տարածքը 5349ք.կմ է, ներառյալ Սեւանա լիճը` 1256ք.կմ: Բնակչության թվաքանակով առաջատարն է ՀՀ Կոտայքի մարզը՝ 315154 բնակչությամբ: 

    Տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ամրապնդման համար կարեւոր էր "ՀՀ բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի ընդունումը, որը պարզաբանում է համայնքային բյուջեի կազմման, կատարման եւ վերահսկման գործընթացները, կառավարման տարբեր մակարդակների միջեւ հարկաբյուջետային փոխհարաբերությունները եւ բյուջեների եկամուտների եւ ծախսերի տեսակները: Պետական բյուջեից համայնքային բյուջեներին կատարվող հատկացումները կարգավորվում են "Ֆինանսական համահարթեցման մասին" ՀՀ օրենքով, որով հաստատվեց ֆինանսական համահարթեցման ձեւերը եւ դրանց հաշվարկման կարգը: 

    2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո մշակվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքը, որն ընդունվեց 2016 թվականի դեկտեմբերի 16-ին: Այդ օրենքում տեղ գտան այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն բխում էին ՀՀ նոր Սահմանադրությունից, ինչպես նաև նպատաուղղված էին առավել լայն մասշտաբով օրենսդրական կարգավորումների ներմուծմանը, որոնք պայմանավորված են Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայով, Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձով: 

    Առավել հատկանշական փոփոխություններից են. 

    Համայնքի պարտադիր խնդիրների օրենքով սահմանում, Տեղական ինքնառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորության ստեղծում, 

    Համայնքի ղեկավարի նոր լիազորությունների սահմանում՝ կրթության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երիտասարդության հետ աշխատանքների կատարման, առողջապահության, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության և բուսասանիտարիայի, պաշտպանության, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառներում, 

    Մարզպետի և կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքի (պաշտոնանկության ինստիտուտի) դադարեցում, 

    Առանձին գլխով սահմանվել են համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները: 

    Միջհամայնքային միավորման և միավորում կազմելու իրավունքի իրացման փոփոխություններ և հիմնման նոր եղանակներ: ՀՀ Սահմանադրության 189-րդ հոդվածին համահունչ օրենքի նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակները. համայնքների ավագանիների կողմից՝ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, օրենքով, կառավարության առաջարկությամբ՝ հանրային շահերից ելնելով: Համայնքների զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկը ՏԻՄ-երի կարողությունների ձեւավորումն ու ամրապնդումն է: 

    2020թ․-ի հունիսի 18-ին ընդունվեց «Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքը, որով ՏԻՄ-երի համար նախատեսվեց համամասնական ընտրակարգ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով։ 

    Հայաստանի Հանրապետությունում 2015-2022 թթ. տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բաժանման բնագավառներում իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում: Մշակվել է «Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգ»-ը, որին հետևելու է «Լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարության» և դրանից բխող միջոցառումների մշակումը և հաստատումը, այնուհետև՝ դրանց կիրարկումը: 

    Տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող իրավական դաշտի կատարելագործման և մշտական բարելավմանը զուգահեռ մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվել նաև տեղական ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիների մասնակցության խթանման, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման և հասանելիության ընդլայնման ուղղությամբ միջոցառումներն ու ծրագրերը։ Դրանց իրականացման արդյունքում հանրապետության բոլոր համայնքներում ներդրված են էլեկտրոնային կառավարման համակարգեր, որոնց կիրառության միջոցով ՏԻՄ-երն էլեկտրոնային եղանակով են կատարում օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները։ Կառավարման էլեկտրոնային համակարգերը համայնքների բնակիչներին հնարավորություն են ընձեռում մի շարք ծառայություններ ստանալ առցանց՝ առանց համայնքապետարան կամ այլ հաստատություն այցելելու։ 

    Հանրությանը տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով, սկսած 2006 թվականից հանրապետության համայնքներում հիմնվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնց ծառայություններ մատուցումն իրականացվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Նման գրասենյակներ ունեն հանրապետության գրեթե բոլոր միավորված բազմաբնակավայր համայնքները։ Քայլեր են ձեռնարկվում ՔՍԳ-ներում, բացի համայնքային ծառայություններից, նաև պետական մարմիններին վերապահված մի շարք ծառայությունների տրամադրման ապահովման ուղղությամբ։ 

    Համայնքների զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը ՏԻՄ-երի կարողությունների ձևավորումն ու ամրապնդումն է: Միայն օրենքով ՏԻՄ-երին լիազորությունների տրամադրումը բավարար չէ իրական ժողովրդավարության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի և համայնքների զարգացման համար: Այդ նպատակով անհրաժեշտ էր ձևավորել ՏԻՄ-երի կարողությունները, որի կարևոր պայմաններից մեկը համայնքային ծառայողների մշտական գործող ուսուցման համակարգի ստեղծումն էր: Ուստի, 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Oրենքով կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: 

                                               Համայնքայի ծառայության պաշտոն զբաղեցնելը 

    Համայնքային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն, քաղաքական զսպվածություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով: 

    Համայնքային ծառայության պաշտոնները կարող են զբաղեցվել մրցութային և արտամրցութային կարգով, ինչպես նաև համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով (Օրենքի 14, 14․1, 18, 29 հոդվածներ): 

    Հարկ է նշել, որ համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձևավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցվում են Օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ մրցութային կարգով։ 

                                                             Գնահատում և ուսուցում

    Համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ: Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումը իրականացվել է առաջին վերապատրաստումից հետո՝ օրենքով նախատեսված ժամկետներում, իսկ օրենքի համաձայն՝ համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման գործընթացը սկսվել է 2007թ. մայիսի 1-ից: Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները՝ ՀՀ կառավարության պետական լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: 

    Համայնքների միավորման արդյունքում ՀՀ մարզերի համայնքապետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում առկա համայնքային ծառայության պաշտոնների ընդհանուր թիվը կազմում է շուրջ թվով 5370։ 

    2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն: Սկսած 2015 թվականից՝ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են 6 փուլերով: 

    1. 2015թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 1-ին փուլ, (915/896) 

    2. 2016թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 2-րդ փուլ, (896/793) 

    3. 2017թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 3-րդ փուլ, (793/502) 

    4. 2020թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 4-րդ փուլ, (502/483)

    5. 2021թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 5-րդ փուլ, (483/79) 

    6. 2022թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 6-րդ փուլ, (79/71): 

    Համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները (աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ և այլն) փոխարինվել են ծառայություններ մատուցող հաստիքներով, հնարավոր է դարձել համայնքի համախմբված բյուջեի միջոցների հաշվին բնակավայրերում կապիտալ ներդրումների իրականացումը: Իրականացվում են խոշորածավալ ներդրումներ միջազգային կազմակերպությունների կողմից. ներդրումների հաշվին իրականացվում են կապիտալ ծրագրեր, տեխնիկայի ձեռքբերում: Ավագանու նիստերը դարձել են ավելի շահագրգիռ, մրցակցային, թիրախային: Օրակարգային հարցերի քննարկումների շուրջ ծավալվում են հիմնավորված բանավեճեր, ինչի արդյունքում շահում են նիստերի որակը և ընդունված որոշումների արդյունավետությունը: Սկսել են անցկացվել արտագնա նիստեր (համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում): Որոշակիորեն աճել է պետության կողմից ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դրամական միջոցների չափը: