logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ «ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԸ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    Չնայած օրենքով սահմանված որոշակի պահանջների՝ քաղաքացիների ոչ ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին նշանակալի մարտահրավեր է տեղական զարգացման համար։

    Ի՞նչ մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացին մասնակցի համայնքային գործընթացներին և ինչպե՞ս բարելավել ՏԻՄ-քաղաքացի հաղորդակցությունն ի նպաստ համայնքի զարգացման: 

    2021 թվականին մեկնարկած «Համայնքի ուժը» նախագիծը, որի նպատակն էր խթանել տեղական մակարդակում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, նպաստել ՏԻՄ-քաղաքացի երկխոսության ակտիվացմանը, բարձրացնել համայնքային զարգացման ծրագրերում հանրային մասնակցության մակարդակը մոտենում է իր ավարտին: Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցավ ծրագրի փակման միջոցառումը: Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից համակարգվող նախագծի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ՝ նպաստելու վերոնշյալ խնդիրների լուծմանը և քաղաքացիների առավել ակտիվ մասնակցության խթանմանը: 

    Ծրագիրն իրականացվել է ՏԿԵՆ հետ սերտ համագործակցությամբ: Ողջույնի իր խոսքում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության զարգացման գործակալության (SDC) տարածաշրջային փոխտնօրեն և առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութը կարևորեց քաղաքացիներ մասնակցությունը տեղական ժողովրդավարական գործընթացներին. «Վերջին ամիսներին մենք արդեն մանրազնին գնահատել ենք հանրային մասնակցության ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Այսօր ևս մեկ հնարավորություն է իմանալու, թե ինչպես կարելի է կյանքի կոչել «ժողովրդավարություն» կոչվող այս վերացական հասկացությունը, ինչպես քաղաքացիների, այնպես էլ տեղական իշխանությունների ակտիվ ներգրավմամբ: Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից՝ քաղաքացիների փորձից տեղեկանալ իրենց հաջողությունների, ինչպես նաև մարտահրավերների և ձախողումների մասին»: 

    ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունեց ծրագրի թիրախային համայնքների նախաձեռնող խմբերի անդամներին, համայնքապետարանների ներկայացուցիչներին և ծրագրի բոլոր մասնակիցներին: Կարևորելով մասնակցային կառավարման սկզբունքները և ՏԻՄ-քաղաքացի երկխոսությունը նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է, որ քաղաքացիները ծանոթ լինեն մասնակցային կառավարման գործիքակազմին, ուսումնասիրեն առկա մոդուլները և դրանք օգտագործեն ի նպաստ իրենց համայնքի»: 

    ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու և «Համայնքի ուժը» ծրագրի ղեկավար Լիկա Մկրտչյանն էլ ներկայացրեց, որ ծրագրի հիմնական նպատակներից է եղել իրազեկել բնակիչներին, նպաստել նրանց ակտիվ մասնակցությանը համայնքային գործընթացներին՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին ունենալ իրենց ներդրումը համայնքի զարգացման հարցում. «Ծրագրի մասնակցության վերաբերյալ հայտարարությունները զետեղվել են համայնքային կայքերում, ինչպես նաև ներկայացվել են թիրախային համայնքների բնակիչներին տարբեր միջոցառումների ընթացքում: Մասնակցությունը բաց է եղել բոլորի համար առանց որևէ սահմանափակումների, քանի որ մասնակցային ժողովրդավարության համար կարևոր է յուրաքանչյուրի կարծիքն ու ներգրավվածությունը: Բացի այդ ծրագրի ընթացքում գործարկվել է մի նոր գործիք. նախաձեռնող խմբերի ներկայացրած ծրագրերը տեղադրվել են համայնքային կայքերում և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի շնորհիվ քաղաքացիների ընձեռել են հնարավորություն քվեարկել իրենց նախընտրած ծրագրի օգտին՝ այսպիսով կարևորելով այս կամ այն նախագծի իրականացումն իրենց համայնքում»: 

    Ծրագրի առաջին փուլում՝ 2021 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է որակական հետազոտություն, որի շրջանակներում թիրախային յոթ համայնքներում՝ Ալավերդի, Ախթալա (վերամիավորվել է Ալավերդի միավորված համայնքի հետ), Չարենցավան, Մեղրաձոր (այժմ Ծաղկաձոր միավորված համայնքի կազմում), Շողակաթ (այժմ Ճամբարակ միավորված համայնքի կազմում), Արենի և Ապարան, կազմակերպվել են մասնակցային կառավարման վերաբերյալ ֆոկուս խմբային 14 քննարկումներ՝ յուրաքանչյուր համայնքում երկուական հանդիպում, որոնց մասնակցել են տվյալ համայնքների բնակիչներն ու համայնքապետարանի աշխատակիցները: Որակական այս հետազոտությունն իրականացվել է՝ ի լրումն 2020թ. ՄԱԶԾ կողմից իրականացված «Բազմաբնակավայր համայնքներում բնակիչների բավարարվածության ելակետային հետազոտության` տեղական մակարդակում որոշումների ընդունմանը, բյուջեի պլանավորմանը և համայնքային զարգացման գործընթացներում նրանց ներգրավվածության աստիճանի գնահատման համար», և այս հետազոտությունների արդյունքում վերհանված խնդիրների հիման վրա էլ պատրաստվել է կրթական մոդուլ։

     Ծրագրի երկրորդ փուլում վերոնշյալ համայնքների պաշտոնական կայքերում տեղադրվել են բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների համար դասընթացների վերաբերյալ հայտարարություններ և կազմակերպվել է 24 դասընթաց հետևյալ թեմաներով՝  համայնքի զարգացման հնգամյա պլանի կառուցվածքը և ձևավորման գործընթացը, տարեկան աշխատանքային պլանը և համայնքի բյուջեն (մասնակցային մեխանիզմ),  ՏԻՄ օրենսդրությունը, ավագանու իրավունքներն ու պարտականությունները,  ծրագրի նախագծում և կառավարում,  ֆոնդհայթայթում,  հաղորդակցման և համագործակցության հմտություններ,  մասնակցային կառավարում և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ,  համայնքային ծառայությունների մատուցման մշտադիտարկում, ջատագովություն Դասընթացներին մասնակցել է 403 քաղաքացի, որի ավարտին մասնակիցների շրջանում հայտարարվել է դրամաշնորհային փակ մրցույթ: Ստացված հայտերը համայնքային կայքերով տեղադրվել են քվեարկության «Մասնակցել համայնքի զարգացմանը» բաժնում, որպեսզի մասնակցային առցանց գործիքի կիրառմամբ քաղաքացիները կարողանան մասնակցել իրենց համայնքի զարգացմանը նպաստող ծրագրի ընտրությանը: Համայնքային կայքերի քվեարկության միջոցով ստացված միավորները ևս դարձան գնահատման հիմք փորձագիտական խմբի համար: Ստացված 15 դրամաշնորհային հայտերից ֆինանսավորման արժանացան 6-ը: Ֆինանսավորում ստացած ենթադրամաշնորհների շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 30 միջոցառում՝ 750-ից ավելի մասնակիցներով: 

    Ծրագրի շրջանակներում տեղական մակարդակի իրավական փաստաթղթերի մշակման գործընթացին աջակցելու համար փորձագետի կողմից մշակվել է «Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգ», որը տրամադրվել է շահառու ՏԻՄ-երին, որպեսզի դիտարկեն և քաղաքացիների մասնակցության գործընթացն իրականացնեն առավել քաղաքացիակենտրոն մոտեցումներով: 

    Բացի այդ իրականացվել է «թաուն հոլ» մեթոդով համայնքային յոթ հանդիպում, որի ընթացքում փորձագետների օգնությամբ իրականացվել է բնակիչների կարծիքների և առաջարկների հավաքագրում, առաջարկությունների փաթեթների մշակում, որոնք ներկայացվել են ՏԻՄ-երին՝ հնարավորության դեպքում Տարեկան աշխատանքային պլաններում ներառելու: Ընդհանուր առմամբ քննարկումներին մասնակցել է 330 քաղաքացի։ 

    Դրամաշնորհային ծրագրերի մասին Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի (որը վերամիավորվել է Ճամբարակ միավորված համայնքի հետ) ակտիվ խմբի կողմից դրամաշնորհի արժանացած ծրագրի արդյունքում Ջիլ բնակավայրի միջնակարգ դպրոցում հիմնվել է բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Տեխնիկայով, գրադարանով և անհրաժեշտ կահույքով կահավորված սենյակը հնարավորություն է ընձեռում բնակավայրի երիտասարդներին այստեղ կազմակերպել այլընտրանքանյին ժամանցը, ներգրավել բնակիչներին կրթական և մասնակցային տարբեր գործընթացներում: Ջիլի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենուհի Ստեփանյանն ու մասնակցային դրամաշնորհային ծրագրի հաղթող Դավիթ Հակոբյանը կտրում են բազմաֆունկցիոնալ սենյակի բացման ժապավենը «Մենք համայնքում ունենք խնդիր, որն անտարբերությունն է, և մարդիկ կարծում են, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել և ոչնչի վրա չեն կարող ազդեցություն ունենալ։ Երբ հայտարարվեց դրամաշնորհային ծրագիրը, հենց այդ խնդիրը նկատի ունենալով, որոշեցինք դիմել մրցույթին և իրականացնել մեր ծրագիրը: Ես հասկացա, որ կարող եմ փոփոխություն բերել և ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ կիրառելով այն գիտելիքն ու հմտությունները, որոնք ստացել էի դասընթացների ժամանակ»,- նշում է Ջիլում իրականացված նախագծի ղեկավար Դավիթ Հակոբյանը, ով 2022 թվականին է ավարտել բնակավայրի դպրոցն ու այժմ ուսանող է։ «Դասընթացների արդյունքում սովորեցի ծրագիր գրել, երբ հաղթեցի, լուրն արագ տարածվեց գյուղում: 

    Փոքր բյուջեով նաև գրադարան հիմնեցինք, ու մի քանի օրում աշակարտները միանգամից բոլոր գրքերը տարան»: Դպրոցի տնօրեն Արմենուհի Ստեփանյանը, Դավիթի դասարանում հայոց լեզու և գրականություն էր դասավանդում, երբ վերջինս ասաց, որ պատրաստվում է ՏԻՄ դասընթանցերի մասնակցել. «Ինձ համար շատ ուրախալի էր, որ աշակերտներս, ում միշտ սովորեցրել եմ, որ պետք է գրագետ և հայեցի լինել, կարողացել են նաև իրենց դրսևորել մեկ այլ միջավայրում և արդյունքի հասնել»: 

    Համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աննա Վարդանյանն էլ վստահ է, որ բազմաֆունկցիոնալ սենյակը մեծ ձեռքբերում է Ջիլ գյուղի բնակիչների համար. «Սենյակը շատ կարևոր է ինչպես Ջիլի, այնպես էլ շրջակա գյուղերի համար, քանի որ մոտակայքում չկա անհրաժեշտ գույքով համապատասխան վայր, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ: Ուստի սա մեծ ձեռքբերում էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեր երեխաները իրենց անմիջական ներդրումն են ունեցել այս ծրագրի իրագործման համար»: Ախթալա (այժմ միավորված Ալավերդի համայնքի կազմում) համայնքում դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» ծրագիրը, որի շրջանակներում Շամլուղ բնակավայրում համայնքի կողմից տրամադրված վերանորոգված սենյակը կահավորվել է համայնքի բնակիչների ոչ ֆորմալ կրթության կազմակերպման և ժամանցի ապահովման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Ծրագրի շրջանակներում շուրջ 40 քաղաքացիների ներգրավմամբ Ախթալայում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց «Հանրային մասնակցության առցանց և անցանց գործիքները և դրանց կիրառությունը» թեմաներով։ 

    15-ամյա Ռուբեն Սահակյանը համայնքի Շամլուղ բնակավայրից է: Տեղական ինքնակառավարման թեմայով դասընթացի մասնակցում էր առաջին անգամ. «Շատ հետաքրքիր էր ու տպավորիչ։ Ստացած գիտելիքներն ու տեղեկությունն օգտագործելով՝ մենք կարող ենք նպաստել մեր համայնքի խնդիրների լուծմանը, իսկ մեր կատարած աշխատանքներից հետաքրքրություն կառաջանա նաև մյուս բնակիչների մոտ»։ Իսկ 20-ամյա Մանե Լատունցի խոսքով՝ ծրագիրը շատ մեծ շարժառիթ կարող է հանդիսանալ թե՛ համայնքի զարգացման, թե՛ երիտասարդների ակտիվացման, և թե՛ բնակիչների անուղղակի ու ուղղակի մասնակցության համար. «Շատ կարևոր է, որ համայնքի բնակիչները գիտակցեն համայնքում առկա խնդիրները և դրանց համար փորձեն լուծման ուղիներ փնտրել՝ դրսևորելով սրտացավ և պատասխանատու վերաբերմունք: Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ ծայրամասային բնակավայրերը «կտրված» են լինում բնականոն ու ակտիվ կյանքից, դրա համար էլ կենտրոնը Շամլուղում բացելու շարժառիթը հենց դա է եղել»։ 

    «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ ծրագիրը Չարենցավանում իրականացված «Համայնքային երկխոսություն»-ն էր, որի նպատակն էր նպաստել Չարենցավան միավորված համայնքում որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցայնության բարձրացմանը։ Համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվել են իրազեկման դասընթացներ և քննարկումներ, երկխոսության հանդիպում՝ Չարենցավան համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Վարդգես Չիլինգարյանի հետ, որի ընթացքում գլխավոր խորհրդականը ներկայացրել է համայնքի զարգացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես քաղաքացիների մասնակցության ու երիտասարդների զբաղվածության հարցերը։ 

    Համայնքի ակտիվ բնակիչ Քրիստինե Ղազարյանի խոսքով «երկխոսությունը» նախադեպային է. «Մինչև այժմ չեմ մտաբերում նմանատիպ ձևաչափով հանդիպումներ, որ իրականացված լինեն մեր համայնքում։ Նմանատիպ քննարկումները հնարավորություն են տալիս, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացներում և լսելի դարձնեն իրենց ձայնը։ Սա նաև լավ առիթ է, որ քաղաքացիներն ու ՏԻՄ-ը հաղորդակցվեն, ինչի արդյունքում կքանդվի այն «պատը», որն առկա է քաղաքացի-ՏԻՄ փոխհարաբերություններում»: 

    ՏԻՄ-քաղաքացի երկխոսության հանդիպում Չարենցավան համայնքում Մեղրաձոր (այժմ Ծաղկաձոր) համայնքի ակտիվ խմբի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Մասնակցային կարիքների գնահատում»: 

    Ծրագիրը բաղկացած էր դասընթացներից և կլոր սեղան-քննարկումներից, որոնց արդյունքում վերհանվեցին համայնքային խնդիրները, մշակվեցին դրանց լուծման ուղիները և ներկայացվեցին համայնքի ղեկավար կազմին: Համայնքի բնակիչ, տնային տնտեսուհի 41-ամյա Վարդուհի Խաչատրյանը շատ է կարևորում ծրագրի դերն իրենց համայնքում. «Սովորեցինք լինել ավելի նախաձեռնող, ավելի հաշվետու և կատարել ցանկացած իրավիճակի ճիշտ վերլուծություն»։ 25-ամյա մանկավարժ Վարսենիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագիրն օգնեց դառնալ ավելի ինքնավստահ. «Սովորեցինք խնդիրները ներկայացնելու, իրականացնելու բոլոր մանրուքները, ավելի լավ ճանաչեցինք ու գնահատեցինք մեր համայնքը»։ Իսկ համայնքի Արտավազի միջնակարգ դպրոցի դասվար 28-ամյա Գայանե Ղազարյանին էլ ծրագիրն օգնել է ավագանու ինստիտուտի մասին շատ գիտելիքներ ստանալ, դառնալ ավելի ներկայանալի, սովորել ճիշտ վերլուծել համայնքային խնդիրները։ 

    Ապարանի նախաձեռնող խմբի կողմից ներկայացված ծրագրերից հավանության արժանացով «Համայնքի մասնակցային զարգացում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում Ապարան բազմաբնակավայր համայնքում 4 ամսվա ընթացքում կազմակերպվել է բնակիչների՝ հատկապես կանանց և երիտասարդների մասնակցության բարձրացմանն ու իրազեկվածությանը նպաստող 12 դասընթաց, չորս հանրային քննարկում, կլոր-սեղան հանդիպումներ, որոնց միջոցով ՏԻՄճ-երի և քաղաքացիների երկխոսություն է տեղի ունեցել։ Միջոցառումներին մասնակցել է շուրջ 200 բնակիչ, որոնց մեծ մասը՝ կանայք և երիտասարդներ։

     «Թաուն հոլ»-ի մասնակիցները Ապարան համայնքում Ապարանի համայնքապետարանի ԿԳՄԵՍ բաժնի գլխավոր մասնագետ Էլյանորա Միրզոյանի խոսքով՝ իրենց համայնքում մասնակցային կառավարման առումով 2022 թվականը, ի տարբերություն նախորդ տարիների, առանձնանում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ. «Նախկինում երբեք չեն եղել բնակիչների մասնակցությամբ ավագանու նիստեր, բնակիչների կողմից ավագանու քննարկմանը ներկայացվող նախագծեր, ՏԻՄ-բնակիչ համագործակցությամբ միջոցառումների կազմակերպում, նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հանդիպում բնակիչների հետ, որի ժամանակ անկեղծ ու սրտացավ զրույցի միջոցով միասին առկա խնդիրների լուծման տարբերակներ փնտրեն։ Սակայն 2022 թվականին այս ամենը տեղի ունեցավ: Սեմինարներն առաջ են քաշել բազմաթիվ հարցեր և մեզ մտածելու տեղիք տվել»։

     Ալավերդի համայնքի ակտիվ խմբի և համայնքապետարանի նախաձեռնությամբ փոքր դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «ՏԻՄ գրագիտության դպրոց» ծրագիրը: Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները փորձագետների օգնությամբ ուսումնասիրել են ՏԻՄ օրենսդրությունը, լիազորությունները, պարտավորությունները, իմացել, թե ինչպես է գոյանում համայնքային բյուջեն և ինչ է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը։ Կազմակերպված կլոր սեղան-քննարկումների ժամանակ մասնակիցները վերհանված հիմնախնդիրներից ընտրել են երկու առաջնահերթը, որոնց շուրջ էլ աշխատել են ծրագրի ընթացքում։ Դասընթացների ժամանակ ստացած հմտությունների հիման վրա երիտասարդները հետազոտություններ են իրականացրել այդ խնդիրների շուրջ, արդյունքները հրապարակել համացանցում և ներկայացրել հանրությանը: «Սովորեցի ճիշտ օգտվել համայնքային պաշտոնական կայքէջից և դրա գործիքակազմից։ Դասընթացից հետո սկսել եմ ավելի լրջությամբ վերաբերվել համայնքին, համայնքի խնդիրներին և տեղի ունեցող իրադարձություններին»,- նշում է դասընթացի մասնակից Գոռ Ղալայանը: 

    Իսկ եռօրյա դպրոցի 16-ամյա մասնակից Օվսաննա Մատինյանը նշում է. «Դասընթացից հետո երևի ավելի լուրջ սկսեցի վերաբերվել համայնքի խնդիրներին, հասկացա, թե ինչքան կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը մեր համայնքի կյանքում»։ 

    Ամփոփելով ծրագրի ազդեցությունը՝ կարող ենք առանձնացնել հետևյալը. 

    Թիրախային համայնքների բնակիչները սկսել են ավելի սերտ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ,  Ձևավորվել է տեղական ինքնակառավարման գործընթացներին բնակիչների մասնակցության մշակույթ, 

    Բնակիչները ծանոթ են տարբեր մասնակցային գործիքների և անհրաժեշտության դեպքում կարող են դրանք օգտագործել. այդ թվում՝ մասնակցություն ավագանու նիստերին, հանրային քննարկումներին, առաջարկների ներկայացում, համայնքի կայքէջի «Մասնակցել համայնքի զարգացմանը» մասնակցության գործիքի օգտագործում և այլն։ 

    Լրահոս

    img
    2024-07-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին
    img
    2024-07-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքը
    img
    2024-07-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայան
    img
    2024-07-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթի 2024»-ի՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտին նվիրված պանելային քննարկմանը
    img
    2024-07-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ԵՄ-ն հանուն կլիմայի դիմակայության» ծրագրի ներկայացուցիչներին
    img
    2024-07-12
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցները մասնակցել են Opening Extractives ծրագրի երկօրյա աշխատաժողովին
    img
    2024-07-11
    Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Խաշթառակի այլընտրանքային կամրջի կառուցման աշխատանքները
    img
    2024-07-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
    img
    2024-07-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց
    img
    2024-07-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից նախաձեռնած Global Business Forum 2024-ի աշխատանքային հանդիպում-քննարկմանը
    img
    2024-07-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի, Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
    img
    2024-07-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Ենոքավան - Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
    img
    2024-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են անցկացրել
    img
    2024-06-25
    «Կանանց ներգրավվածությունը հանրային-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում»․ Տեղի է ունեցել Կանանց հզորացման ակումբի չորրորդ միջոցառումը
    img
    2024-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին
    img
    2024-06-21
    Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը․ Սանոսյանը նոր հանձնարարականներ է տվել
    img
    2024-06-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարգևատրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Ռոսժելդորպրոեկտ» ԲԸ ներկայացուցիչներին
    img
    2024-06-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (HoD) ներկայացուցիչ Անժելիկա Սուելզենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-06-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-06-19
    Երկօրյա վերպատրաստման առցանց դասընթացներ՝ Հայաստանի համայնքների մամուլի խոսնակների և հանրային կապերի պատասխանատուների համար
    img
    2024-06-17
    Հայաստանում առաջին անգամ իրականացվել է անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրությունը
    img
    2024-06-11
    Մոնղոլիայում կայացել է ԱՃԹՆ/EITI-ի կողմից կազմակերպված «Կենտրոնական Ասիայում և Կովկասում փորձի փոխանակում և ուսուցում» խորագրով տարածաշրջանային միջոցառումը
    img
    2024-06-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային
    img
    2024-06-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հունիսի 1-ին հանդիպել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի սաներին
    img
    2024-05-31
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ խորհրդակցությունը
    img
    2024-05-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
    img
    2024-05-30
    Աբովյանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեղական մակարդակում մասնակցային բյուջետավորման ներդրման» նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
    img
    2024-05-29
    ՏԿԵՆ-ի նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կիրականացվի համայնքային ծառայողների և ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստում
    img
    2024-05-27
    Լոռու և Տավուշի մարզի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ
    img
    2024-05-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշանակվել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար

    Տեսնել բոլորը