ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալ Պետեր Հոլիցայի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների կարևորությունն ու մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ հնարավորությունները։
Նարեկ Ապիտոնյանը անդրադարձել է 2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև ստորագրված՝ կանաչ էներգիայի տարանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևորությանը։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթը կարևոր հիմք է հանդիսանում էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման խորացման համար։
Պետեր Հոլիցան ներկայացրել է Հունգարիայի էներգահամակարգի առանցքային ձեռքբերումները և էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն ու տեսլականը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումներին՝ շեշտադրելով ոլորտի ռազմավարական կարևորությունը երկրի էներգետիկ քաղաքականության համատեքստում։




