Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդի անդամների հետ այսօր այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Այցին մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանը։
Մինչ բնակավայրեր այցելելն աշխատանքային հանդիպում է կայացել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ:
Վերջինս մանրամասներ է ներկայացրել ազգային փոքրամասնությունների բնակավայրերում ճանապարհաշինության, գազիֆիկացման, ջրամատակարարման ցանցի կառուցման և այլ ուղղություններով իրականցված և ընթացքում գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նոր Արտագերս, Երասխահուն, Ֆերիկ բնակավայրերի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների մտահոգությունները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը տեղում խնդիրներին ծանոթանալն ու հասցեական լուծումներ տալն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև այցելել է Ակնալիճի եզդիական «Զիարատ», շրջայց կատարել նորակառույց եզդիական հոգևոր տաճարների համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:




