ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և մարզի համայնքապետերի հետ մի քանի օր շարունակ նախարարը շրջել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներում, դիտարկել ինչպես պետական, այնպես էլ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատաքների ընթացքը։
Առաջին օրը նախարարն այցելեց Մեղրի` «Հյուսիս-հարավ» ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի երկրորդ՝ ամենաերկար 500կմ թունելի շինհրապարակ։ Թունելն արդեն փորված է, ներկայում իրականացվում են խորացման և հարթեցման աշխատանքներ։ Առհասարակ այս՝ 32կմ հատվածում առաջանցիկ տեմպերով իրականացվում է հսկայածավալ աշխատանք։
Այնուհետև նախարարն այցելեց Նռնաձոր։ Դեպի բնակավայր տանող շուրջ 13 կմ նոր ճանապարհի հողային աշխատանքներն արդեն կատարվել են։ Նախարար Խուդաթյանը մարզպետի հետ բնակավայր հասավ նոր ճանապարով։
Առաջիկայում կմեկնարկեն այս ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Մրցույթը կայացել է, հաղթող ընկերությունը՝ հայտնի է։
Ճանապարհը կարժենա 3.5 մլրդ դրամ։ Հաջորդ օրը նախարարը եղավ Քաջարան համայնքում։ Այստեղ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կառուցվում են մանկապարտեզներ, բարեկարգվում են համայնքային փողոցներ։ Համայնքապետ Մանվել Փարամազյանի հետ նախարարը շրջել է շինարարական օբյեկտներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Հաջորդ կանգառը Կապանն էր։ Այստեղ ևս մեծ թվով սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Առհասարակ 2018֊2025 թվականների ընթացքում Կապան համայնքում իրականացվել են 37 սուբվենցիոն ծրագրեր՝ 11 միլիարդ դրամ արժեքով, որից 7 միլիարդ դրամը ՀՀ կառավարության ֆինանսավորումն է։
Նախարարն այցելեց նաև Գորիս։ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ այստեղ ևս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Դրանց արդյունքում քաղաքի բազմաթիվ փողոցներ բարեկարգվել են՝ պահպանելով Գորիսին բնորոշ կոլորիտը։ Առհասարակ Սյունիքի մարզում ընթացքի մեջ են սուբվենցիոն շուրջ 38 ծրագիր՝ 9,826 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 5,794 մլրդ դրամ ՀՀ պետ բյուջեի, 3,331 մլրդ դրամ համայնքային բյուջեի և 171,5 մլն դրամ այլ ներդրողների համաֆինանսավորմամբ։












