Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
Սույն թվականի մարտի 31-ին մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված՝ համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները։
Դասընթացներին մասնակցել են ՀՀ մարզերի համայնքների աշխատակազմերի քաղաքաշինության և հողօգտագործման, ինչպես նաև անձնակազմի կառավարման ոլորտում գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողները:
Հարկ է նշել, որ ՀՀ մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողներն առաջին անգամ են հնարավորություն ստացել վերապատրաստվելու ոլորտային վերապատրաստման ծրագրերով, որոնք մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Վերապատրաստումներն իրականացվել են համակցված ձևաչափով՝ առկա և հեռավար ուսուցմամբ։ Առկա փուլն անցկացվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
Վերապատրաստման գործընթացում ներգրավված են եղել ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք համատեղել են ակադեմիական և գործնական հարուստ փորձը։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել խթանելու փորձի փոխանակումը, քննարկելու առկա խնդիրները տարբեր համայնքների համատեքստում և գտնելու կիրառելի լուծումներ, ինչը ծրագրի կարևոր նորարարական բաղադրիչներից է։
Վերապատրաստման դասընթացի ավարտին համայնքային ծառայողները մասնակցել են ամփոփիչ թեստավորմանը՝ գնահատելու ուսումնական նյութի յուրացման մակարդակը։
Ոլորտային վերապատրաստման դասընթացները նպատակաուղղված են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը:
.jpeg)

.jpeg)
.jpeg)

