Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող կրթական, ենթակառուցվածքային և համայնքային զարգացման ծրագրերի ընթացքին։
Վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետներ Սերգեյ Մովսիսյանի, Դավիթ Առուշանյանի և համայնքապետերի հետ շրջայց են կատարել երկու մարզերի մի շարք համայնքներում և բնակավայրերում։
Արագածոտնի մարզում վարչապետն այցելել է վերակառուցված և նոր կառուցված մանկապարտեզներ ու դպրոցներ, ինչպես նաև ծանոթացել է ճանապարհաշինական և ինտենսիվ այգեգործության ծրագրերին։ Աշտարակ համայնքում վարչապետին է ներկայացվել Աշտարակ-Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 11.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 716 մլն ՀՀ դրամ: Շիրակի մարզում վարչապետը շրջել է ջերմատնային տնտեսությունում, այցելել երիտասարդական կենտրոն և վերանորոգված ու նորակառույց կրթական հաստատություններ։
Վարչապետի վերջին կանգառն Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրն էր: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Վարչապետը կարևորել է կրթական միջավայրի բարելավումը, ուսուցիչների ատեստավորումը և հարկային կարգապահությունը՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը հնարավոր են դառնում քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ։












