Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:
Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:
Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով: Փոխնախարարի խոսքով՝ շրջանային մոդելով խոշորացումը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ապահովելով համայնքների կառավարման բարելավում, ռեսուրսների արդյունավետ ներգրավում, ներդրումային ծրագրերի իրականացում եւ մասնագիտական ներուժի զարգացում:
Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք, իսկ նախագծի ընդունման դեպքում դրանց թիվը կդառնա 64։


