Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
Փետրվարի 12-ին Երևանում կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը, որի նպատակն էր իրական պատմությունների միջոցով ցույց տալ քաղաքացիական մասնակցության ազդեցությունը համայնքային որոշումների կայացման վրա։
Բացման խոսքում հատկապես ընդգծվել է ոլորտի պետական քաղաքականության կարևորությունը․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շեշտել է մասնակցային բյուջետավորման դերը համայնքների զարգացման և հաշվետվողական կառավարման գործում։
Նույն վարչության գլխավոր մասնագետ Եղիազար Դավթյանը քննարկման ընթացքում ներկայացրել է գործընթացի փուլերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։ Ելույթներով հանդես են եկել նաև համայնքային նախաձեռնությունների հեղինակներ Մասիսից, Աբովյանից և Գավառից՝ ներկայացնելով գաղափարների իրականացման իրենց փորձը և դրանց ազդեցությունը տեղական համագործակցության ու վստահության վրա։
Ֆորումը դարձել է փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման բաց հարթակ։
Միջոցառումը կազմակերպվել է «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։




